ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը, որով ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է 2–ամսյա տնային կալանքով։ Սպասում են որոշումն ստանալուն։ Այս մասին հայտնել են դատախազությունից։

Իրենց հերթին Վարդան Հարութունյանի պաշտպանները ևս պատրաստվում են բողոքարկել նրա խափանման միջոցը տնային կալանք ընտրելու` դատարանի որոշումը։ Փաստաբան Արմեն Անդրիկյանը «Սպուտնիկին» հայտնել է, որ դատարանի հիմնավոր կասկածի հետ համաձայն չեն և համարում են, որ ավելի մեղմ խափանման միջոց պետք է ընտրվի, օրինակ՝ գրավ կամ վարչական հսկողություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին դատարանը որոշել է Վարդան Հարությունյանի խափանման միջոց ընտրել երկամսյա տնային կալանքը։

Վարդան Հարությունյանը կալանավորվել էր օգոսոտոսի 8–ին, իսկ հոկտեմվերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։

Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացմանմեջ, մինչդեռ, մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018թ․ քննություն է իրականացվել և վարույթը կարճվել էր։

Օրերս Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան: