Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

«Փաստաթղթերն ինձ դեռ չեն տրամադրվել՝ ինչ են ախտորոշել, ինչ վիճակ է։ Ինքն ունի իշեմիկ հիվանդություն, շաքարային դիաբետ և այլ հիվանդություններ։ ՔԿՀ թե ինչ հիմքով են տարել, չեմ կարող ասել, երեկ կորոնարոգրաֆիա են կատարել։ Ես սա դիտարկում եմ որպես բուժօգնության ընդհատում և վատ վերաբերմունք»,– նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ կտրուկ վատացել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, որը գտնվում էր Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Հոկտեմբերի 21-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է երկու ամսով։

Ղուկասյանը մեղադրվում է կաշառք գումարներ պահանջելու և ստանալու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։