Մի քանի մարդ հիվանդացել է Թրամփի ինքնաթիռի Էնդրյուս ռազմաօդային բազա հասցված կասկածելի փաթեթը բացելուց հետո, հաղորդում է BBC-ն։

Վաշինգտոնին մերձակա ռազմաօդային բազայի խոսնակը հայտնել է, որ շենքը, որտեղ բացվել է փաթեթը, տարհանվել է, և ըստ բժշկական անձնակազմի՝ հիվանդները կայուն վիճակում են։

CNN-ը, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդում է, որ փաթեթում անհայտ սպիտակ փոշի էր։

Ռազմաօդային բազայում տեղակայվում են Դոնալդ Թրամփի նախագահական ինքնաթիռը և ուղեկցող ինքնաթիռը, և այնտեղից է ԱՄՆ նախագահը սովորաբար մեկնում այցելությունների։

Փրկարարական ջոկատներ են ուղարկվել դեպքի վայր և պարզվել է, որ անմիջական սպառնալիք չկա։ Գործողությունները վերսկսվել են բնականոն հունով։ Հետաքննությունը շարունակվում է, հայտարարել է ռազմաօդային բազայի խոսնակը։

CNN-ի տվյալներով՝ նախնական փորձարկումները որևէ վնասակար բան չեն բացահայտել։ Հետաքննիչները, ըստ տեղեկությունների, նաև ուսումնասիրում են փաթեթի «քաղաքական քարոզչության» ուղերձը։

Պարզ չէ, թե որքան ծանր կամ վտանգավոր է փաթեթը բացելիս ներկա եղողների վիճակը։