«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Գագիկ Ծառուկյանն այժմ գտնվում է երկրի սահմաններից դուրս, և, ցավոք սրտի, այս պահին չի կարող ինքն անձամբ պատասխանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավար հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռ. Հայրապետյանը մեկնաբանելով Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերը, թե ինքը չէր ժամանել Բուրսա, որովհետեւ նախօրոք գիտեր, որ մեր տղաները պարտվելու են, ասել էր հետեւյալը. ""Գագիկ Ծառուկյանը հո բուլղարացի Վանգան չէ՞, որ կանխագուշակումներ անի։ Ավելի լավ կլիներ, որ նա իր մկաններով գար Բուրսա ու մեզ աջակցեր: Ես այդ արտահայտությունը բարոյական չեմ համարում։ Բնականաբար, իրավիճակը ավելի վատթարանում է, երբ այդ արտահայտությունը անում է ՀՕԿ-ի նախագահը։ Կրկնում եմ բարոյական քայլ չէր։ Բուրսայում կայացած հանդիպումից մեկ օր առաջ Էսկիշեհիր քաղաքում խաղում էր մինչեւ 21 տարեկանների հավաքականը, որը փաստորեն օլիմպիական հավաքականն էլ է։ Թող տեսներ այդ տղաների խաղը։ 50 հոգի հայ երիտասարդներ Բուրսայում եռագույնն էին բացել։ Նրանք էլ համոզված չէին, որ Հայաստանի հավաքականը Թուրքիայի ընտրանուց ուժեղ է։ Բայց նրանք համոզված էին, որ մերոնք լավ էին խաղում եւ հույս ունեին, որ հաղթելու ենք":
Այս առնչությամբ ԲՀԿ նախագահի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Տեղին ենք համարում հիշեցնել, որ բարոյականության մասին խոսում են ոչ թե մեկ հայտարարությամբ, կամ էլ մեկ խոսքով, այլ այն ձևավորվում է մարդու տարիների աշխատանքի, նրա թողած ձեռագրի արդյունքում: Եվ այդ առումով մեր ժողովուրդը լավ է տեսնում, թե ով ինչպես է ղեկավարում իրեն վստահված ոլորտը և ինչ հաջողություններ ունի այնտեղ: Իսկ փաստն այն է, որ տարիներ շարունակ հայ մարզասեր հասարակության համար մի այնպիսի զգայուն ոլորտ, ինչպիսին ֆուտբոլն է, մնում է անմխիթար վիճակում: Միթե՞ բարոյական է խոսել բարոյականության մասին, երբ մարզադաշտում ծեծի են ենթարկվում մարզասերները, որոնք ուղղակի խիզախություն են դրսևորում պահանջել ոլորտի պատասխանատուների հրաժարականը: Կարծում ենք, նախևառաջ, այս հիմնախնդիրներն ունեն շուտափույթ լուծման կարիք, որպեսզի հայ շարքային մարզասերը վերջնակապես ականատես լինի ոլորտի դրական տեղաշարժերին»:




























