Հայաստանի ոստիկանությունը խստացրել է «Բանգլադեշցի Համո» մականունով հայտնի Աշոտ Ավետիսյանի դեմ առաջադրված մեղադրանքը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ գործով տուժածի դատաբժշկական փորձաքննության հիման վրա Ավետիսյանին առաջադրված` քր.օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով) մեղադրանքը վերաորակվել նույն հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Եթե նախկինում Ավետիսյանին սպառնում էր մինչեւ հինգ տարի, ապա այժմ մինչեւ 7 տարվա ազատազրկում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ոստիկանության ծառայողները հունվարի 18-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով Երեւանի Արծրունիի փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 48-ամյա Աշոտ Ավետիսյանին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, 1981 թ. ծնված Գարիկ Նազարյանը Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջեւում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի 08 ՕՍ 888 համարանիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է «Բանգլադեշցի Համոն»: Նա իջնելով մեքենայից` սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Ն.-ին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել է վնասվածքներ:

Հիշեցնենք, որ «Բանգլադեշցի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ 2004-ի ապրիլի 5-ին, այն ժամանակ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ, «Նաիրի» կինոթատրոնի մոտ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր էր նետել Արտաշես Գեղամյանի վրա, ջարդել դա նկարահանող լրագրողների ֆոտո եւ տեսախցիկները, նաեւ բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ: Նա մասնակցել է նաեւ «Տեցի կրուգի» հայտնի «ռազբորկային»: