«Հայազն» միությունը կոչով դիմել է հայաստանում գործող կուսակցություններին` իրենց ընտրական ցուցակներում ընդգրկել նաեւ արցախցի թեկնածուների:
Կոչում, մասնավորապես, ասվում է.
«Հայտնի է, որ 1989թ դեկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախը միավորվել է ՀԽՍՀ-ի հետ: Վերամիավորման այդ որոշումը դրվել է Հայաստանի անկախության հռչակագրի հիմքում: Հայաստանի անկախությունը հռչակող ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կազմում ընտրված էին արցախցի պատգամավորներ, որոնք եղան առաջին ու առայժմ վերջին խորհրդարանականները Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում:
1989թ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը չեղյալ չի հայտարարվել: Արցախը եւ նրա պետական կառույցները փաստացի ՀՀ եւ նրա համապատասխան կառույցների մասերն են: Արցախում ապրում են բացառապես ՀՀ քաղաքացիներ, որոնք սակայն զրկված են իրենց սահմանադրական իրավունքներից, մասնավորապես, ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Նախ, կազմակերպելով ՀՀ անկախության հանրաքվեն, հետագայում նաեւ նախագահական ընտրությունները, Արցախի ընտրատեղամասերը չներառեցին դրանցում: Օգտագործելով առաջին իսկ առիթը` Ադրբեջանի անկախության հռչակումը, պատճառ բերելով միջազգային հանրության խիստ ենթադրյալ պահանջը, ստիպեցին արցախցիներին ձեւական անկախություն հռչակել: Հետո էլ ստիպեցին դա վերահաստատել հանրաքվեով` հարցում, սակայն, չնշելով, որ խոսքն Ադրբեջանից, այլ ոչ թե Հայաստանից անկախանալու մասին է: Իսկ գործնականում այդ որոշման միակ իմաստը պատերազմի նախօրեին Արցախը Հայաստանից օտարելն էր: Հետեւանքները զգում ենք մինչ օրս:
Բարեբախտաբար, այդքանից հետո Երեւանը գոնե պաշտոնապես չի ճանաչել Արցախի անկախությունը Հայաստանից եւ այդ տեսակետից այն շարունակում է Հայաստանի մաս հանդիսանալ: Արցախում բնակվում են շուրջ հարյուր հազար ՀՀ քաղաքացիներ, որոնք սեփական հայրենիքում բնակվելով հանդերձ, զրկված են նախագահ կամ պատգամավոր ընտրելու եւ ընտրվելու իրավունքից: Թեեւ եղել են հատուկ բացառություններ (Քոչարյան Ռոբերտ, Բաբայան Սամվել), սակայն այլ դեպքերում ընտրական հանձնաժողովները մերժել են գրանցել արցախցի թեկնածուներին:
«Հայազն» միությունը առաջարկում է.
2012թ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, իրենց ցուցակներում, ցանկացած հորիզոնականի վրա, ընդգրկել արցախցի թեկնածուների:
Հույս ունենք, որ իշխանական ճամբարի կուսակցություններն առաջինն օրինակ ցույց կտան: Հակառակ դեպքում, հույս ունենք, որ իրենց ցուցակներում արցախցի թեկնածուներ ընդգրկած ընդդիմադիր կուսակցությունները խնդրին հանրային հնչեղություն կհաղորդեն եւ ընտրական հանձնաժողովների կողմից այդ թեկնածուներին չգրանցելու դեպքում, հարցը կհետապնդեն դատական կարգով:
Կոչ ենք անում նաեւ հարցը քննարկելու, դրա շահեկանությունը պարզելու համար արդեն հիմա կազմակերպել միջկուսակցական կլոր սեղաններ եւ հանրային լսումներ»:



























