Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները արդեն երրորդն օրն է, որ ստուգումներ են իրականացնում Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի տարբեր ֆակուլտետներում եւ բաժիններում: Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն, կատարված աշխատանքների արդյունքում ոստիկանություն հարցաքննության են կանչվել նաեւ ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանն ու ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչը, կան նոր ձերբակալվածներ:

NEWS.am-ի թղթակիցը փորձել է ճշտել, թե որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը: ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պետը մեր լրագրողին փոխանցել է, որ աշխատանքներ մանակավարժական ինստիտուտում իրականացվել են, եւ որ կան մարդիկ, ովքեր ոստիկանության տարբեր քննչական բաժիններում հարցաքննվում են: Ավելի մանրամասն տեղեկություններ ոստիկանությունից խոստացել են տրամադրել առաջիկայում:

Իսկ  մանկավարժական իստիտուտի դասախոսներից մի քանիսը մեր լրագրողին տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ, ինստիտուտի հեռակա ուսուցման գործընթացը գրեթե կանգ է առել, քանի որ ոստիկանության կողմից կապարակնքվել է ոչ միայն մանկավարժության ֆակուլտետը, այլ նաեւ պատմաբանասիրականը:

Հիշեցնենք որ ավելի վաղ ձեռբակալվել էր ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի 70-ամյա դեկան Արտաշես Մկոյանը, նա մեղադրվում է ուսանողից 150 հազար դրամ կաշառք վերցնելու մեջ: