ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների բաժնի ղեկավարի տեղակալ Նիկոլա Շմիդտին, ում հետ քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող խնդիրները:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես անդրադարձ է եղել ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդական առաքելության իրականացմանն առնչվող հարցերի:
Կարեւորվել է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովումը նախընտրական քարոզչության իրականացման ընթացքում, ինչպես նաեւ փոխգործակցությունը ընտրական հանձնաժողովների միջեւ` քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացն առավելապես արդյունավետ կազմակերպելու առումով:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները տրամադրված են անելու հնարավորը արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար:



























