ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դատի կտա BBC-ին Panorama-ի կողմից իր ելույթի մոնտաժման համար, այն բանից հետո, երբ կորպորացիան ներողություն է խնդրել, բայց հրաժարվել է փոխհատուցում վճարել նրան։
Ուրբաթ երեկոյան Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է. «Մենք դատի ենք տալու նրանց՝ պահանջելով 1-ից 5 միլիարդ դոլար, հավանաբար՝ հաջորդ շաբաթվա ընթացքում»։
Հինգշաբթի օրը հեռուստաալիքը հայտարարել է, որ 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի մոնտաժը ակամա «սխալ տպավորություն է ստեղծել, թե նախագահ Թրամփն ուղղակիորեն կոչ է արել բռնի գործողությունների» և հայտարարել է, որ այն այլևս չի հեռարձակվի։
Կորպորացիան ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահից, բայց հայտարարել է, որ ֆինանսական փոխհատուցում չի վճարելու։
BBC-ն այս հայտարարությունը հրապարակել է այն բանից հետո, երբ Թրամփի փաստաբանները սպառնացել են դատի տալ 1 միլիարդ դոլարի փոխհատուցման համար, եթե կորպորացիան հանդես չգա հերքմամբ, ներողությամբ և չվճարի փոխհատուցումը։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ինքը չի բարձրացրել այդ հարցը սըր Քիր Սթարմերի հետ, սակայն վարչապետը խնդրել է նրան խոսել իր հետ։
Հանրային դատական գրառումների որոնումը հաստատել է, որ ուրբաթ երեկոյան ո՛չ դաշնային, ո՛չ էլ Ֆլորիդայի դատարանում որևէ դատական հայց չի ներկայացվել, հաղորդում է BBC News-ը։




























