Հնդկաստանի նավթագազային ընկերությունները՝ Indian Oil Corporation-ը, Bharat Petroleum-ը և Hindustan Petroleum-ը, մեկ տարվա պայմանագիր են կնքել Միացյալ Նահանգների հետ՝ տարեկան ավելի քան 2 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) գնելու համար։ Այս մասին հայտնում է Հարավային Ասիայի հանրապետության նավթի և բնական գազի նախարար Հարդիպ Սինգհ Պուրին։

«Աշխարհի խոշորագույն և ամենաարագ զարգացող հեղուկ գազի շուկաներից մեկը բացվում է Միացյալ Նահանգների համար։ Հնդկական նավթային ընկերությունները մեկ տարի ժամկետով հաջողությամբ կնքել են պայմանագիր՝ տարեկան շուրջ 2,2 մլն տոննա հեղուկ գազի մատակարարման համար, ինչը կազմում է 2026 թվականի պայմանագրային տարվա մեր տարեկան ներմուծման մոտ 10%-ը, որը կիրականացվի Մեքսիկական ծոցի ափից», - գրել է Պուրին X-ում։

Նա նշել է, որ սա ամերիկյան հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) հնդկական շուկա մատակարարման առաջին պայմանագիրն է՝ այն անվանելով պատմական իրադարձություն։ Ինչպես ընդգծել է Հնդկաստանի նավթի նախարարը, Նյու Դելին «պարտավոր է Հնդկաստանի ժողովրդին ապահովել հեղուկացված բնական գազի հուսալի և մատչելի մատակարարումներով և դիվերսիֆիկացնում է իր աղբյուրները»։

Պուրիի խոսքով՝ գործարքին նախորդել են մի քանի ամիս տևած բանակցություններ։ Հնդկական նավթային ընկերությունների պատվիրակությունը այցելել է Միացյալ Նահանգներ և խորհրդակցություններ անցկացրել առաջատար ամերիկյան արտադրողների հետ։