Գիտնականները, ոգեշնչված բվեճներից և որսը միայն ձայնի միջոցով գտնելու նրանց զարմանալի ունակությունից, որոշել են ստուգել, թե որքան լավ են մարդիկ տարբերակում ձայնի ուղղությունը: Արդյունքները անսպասելի էին. ինչպես ցույց է տվել հետազոտությունը, մեր լսողությունը հեշտությամբ և համոզիչ կերպով խաբվում է, գրում է The Conversation -ը:
Փորձը միանգամայն պարզ էր: Աչքերը կապած մասնակցի առջև հետազոտողները երկու մետաղական գդալներ խփեցին իրար՝ փոխելով դրանց դիրքերը: Մասնակիցները կարողացան հստակ տարբերակել, թե գդալները հնչում էին ձախի՞ց, թե՞ աջից, բայց երբ ձայնը հնչում էր անմիջապես փորձի մասնակցի առջևից, նա գրեթե միշտ լսում էր այն... իր ետևից:
Դուք կարող եք ինքներդ էլ փորձել. անհրաժեշտ է միայն աչքերը կապող կապ և երկու գդալ: Կարևոր է խնդրել մասնակցին անշարժ պահել գլուխը և չտրամադրել որևէ ակնարկ ձայնի աղբյուրի վերաբերյալ: Երբ գդալները խփվում են դեմքի կամ ծնկների առջև, մարդկանց մեծ մասը վստահորեն լսում է ձայնը իրենց ետևից, նույնիսկ եթե գիտեն, որ այն գալիս է առջևից:
Գիտնականներն այդ ազդեցությունը դիտարկել են տարբեր միջավայրերում՝ լաբորատորիայում, գրասենյակում, դասախոսությունների դահլիճում, ձայնամեկուսացված սենյակում և նույնիսկ մարգագետնում: Նրանք փորձարկել են մասնակիցներին նստած և կանգնած վիճակում՝ օգտագործելով տարբեր տեսակի ձայներ՝ մաքուր տոներ, զանգ և կտրուկ ծափահարություններ: Արդյունքը մնացել է նույնը: Հետագայում հետազոտությունը կրկնվել է վերահսկվող պայմաններում. համակարգիչը պատահականորեն ընտրել է ուղղություն, և հետազոտողը գդալներ է խփել այդ տեղում: Պատրանքը պահպանվել է։
Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Մեր լսողությունը որոշում է ձայնի ուղղությունը՝ հիմնվելով յուրաքանչյուր ականջին հասնող ազդանշանի ժամանակի և ուժի աննշան տարբերությունների վրա: Սակայն այդ ազդանշանները գործնականում նույնական են առջևից և հետևից եկող ձայների համար, այստեղից էլ՝ այսպես կոչված «առաջ-հետև շփոթությունը»: Սակայն դա չի բացատրում, թե ինչու ենք մենք այդքան համոզիչ լսում ձայները հետևից։
Ենթադրություններից մեկը վերաբերում է ձայնի կարճությանը. իրական կյանքում շատ ձայներ ավելի երկար են տևում, և մենք ժամանակ ունենք գլուխներս մի փոքր շրջելու, ինչը խաթարում է պատրանքը, քանի որ մեր ականջները սկսում են տարբեր ազդանշաններ ստանալ: Հետևաբար, առօրյա կյանքում մենք գրեթե չենք նկատում այդ լսողական առանձնահատկությունը։
Հետազոտողները կարծում են, որ այդ պատրանքը բացահայտում է ուղեղի կողմից շրջապատող ձայների մեկնաբանման հիմնական թուլությունը։ Հնարավոր է, որ մեր ընկալումը սպասումներ ունի, թե որտեղից պետք է գան ձայները, հատկապես, եթե մենք առջևում ոչինչ չենք տեսնում։ Գիտնականները ցանկանում են ստուգել՝ արդյոք պատրանքը փոխվո՞ւմ է այն մարդկանց շրջանում, ովքեր երկար ժամանակ կրում են այդ աչքերի կապը, ինչպես նաև փորձարկել այն տեսողական խնդիրներ ունեցող և կույր անձանց վրա։




























