Բրիտանիայի նախկին արքայազն Էնդրյուն չի արձագանքել ամերիկացի օրենսդիրների խնդրանքին՝ հարցաքննել իրեն դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ ընկերության վերաբերյալ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի անդամները, հաղորդում է AFP-ն։

Տասնվեց դեմոկրատ օրենսդիր նամակ է ստորագրել՝ խնդրելով Էնդրյուին մասնակցել «գաղտնազերծվող հարցազրույցի» Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի հետ, որը քննում է Էփշտեյնի գործը։ Վերջինս 2019 թվականին ինքնասպան է եղել՝ բախվելով սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի մեղադրանքներին։

Նամակում խնդրանք էր ուղղված Էնդրյուին, որն այժմ հայտնի է որպես Էնդրյու Մաունթբաթեն-Վինձոր (այն բանից հետո, երբ թագավոր Չարլզ III-ը պաշտոնապես զրկեց կրտսեր եղբորը տիտղոսներից Էփշտեյնի հետ կապերի պատճառով), պատասխանել մինչև նոյեմբերի 20-ը։

ԱՄՆ Կոնգրեսը չի կարող օտարերկրացիներից ցուցմունք պահանջել, ուստի քիչ հավանական էր, որ Էնդրյուն կհամաձայնի դրան։ Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում փոքրամասնություն են կազմում։

«Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի լռությունը դեմոկրատների՝ ցուցմունք տալու պահանջի ֆոնին շատ բանի մասին է վկայում,- ասվում է հանձնաժողովի երկու անդամների՝ Ռոբերտ Գարսիայի և Սուհաս Սուբրամանյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը։- Մեր ուսումնասիրած փաստաթղթերը, հրապարակային գրառումների և Վիրջինիա Ռոբերթս Ջուֆրեի ցուցմունքների հետ միասին, լուրջ հարցեր են առաջացնում, որոնց նա պետք է պատասխանի, սակայն նա շարունակում է թաքնվել»։

Հանձնաժողովի կողմից վերջերս հրապարակված էլեկտրոնային նամակները, ինչպես նաև Ջուֆրեի հուշերը (որը մեղադրում էր Էնդրյուին սեռական բռնության մեջ) Մեծ Բրիտանիայում կրկին վրդովմունք են առաջացրել Էփշտեյնի հետ Էնդրյուի կապերի առնչությամբ։ Էնդրյուն միշտ հերքել է, որ սեռական բռնության է ենթարկել Ջուֆրեին, որը պնդում էր, թե իրեն երեք անգամ վաճառել են նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար, ընդ որում՝ երկու անգամ, երբ ինքը 17 տարեկան էր։

Այն բանից հետո, երբ կինը դատի տվեց նրան, 2022 թվականին Էնդրյուն նրան մի քանի միլիոն ֆունտ ստերլինգի չափով փոխհատուցում վճարեց՝ չընդունելով իր մեղքը։

ԱՄՆ-ի և Ավստրալիայի քաղաքացի Ջուֆրեն ապրիլին ինքնասպան է եղել Ավստրալիայի իր տանը։ Գարսիան և Սուբրամանյանը հայտարարել են, որ Էփշտեյնի ցանցի ծավալները պարզելու ուղղությամբ հանձնաժողովի աշխատանքը «առաջ կշարժվի՝ 65-ամյա Էնդրյուի ցուցմունքներով կամ առանց դրանց»։ «Մենք պատասխանատվության կենթարկենք բոլորին, ովքեր առնչություն են ունեցել այդ հանցագործություններին՝ անկախ նրանց հարստությունից, կարգավիճակից կամ կուսակցական պատկանելությունից։ Մենք արդարադատության կհասնենք ողջ մնացածների համար»,- հայտարարել են նրանք։