Գիտնականները հայտնաբերել են, որ այժմյան հարավարևմտյան Թեքսասի և հյուսիսային Մեքսիկայի տարածքում՝ Պեկոս գետի երկայնքով, ավելի քան 4000 տարվա ընթացքում ստեղծվել են զարմանալի ժայռապատկերներ, որոնք արտացոլում են բնիկ ամերիկացի ժողովուրդների աշխարհայացքն ու տիեզերագիտությունը, հաղորդում է Live Science-ը։

Այս նկարները, որոնք հայտնի են որպես Պեկոս գետի ոճ, առաջին անգամ հայտնվել են մոտավորապես 5760-5385 տարի առաջ, իսկ վերջինները ստեղծվել են մոտավորապես 1370-1035 տարի առաջ՝ ընդգրկելով նկարիչների մոտավորապես 175 սերունդ։

Նկարներն արված են կրաքարային ժայռերի վրա և առանձնանում են բարդ կոմպոզիցիաներով. դրանք պատկերում են մարդկանց և կենդանիների կերպարներ, ինչպես նաև խորախորհուրդ խորհրդանշաններ, որոնք, հետազոտողների կարծիքով, մարմնավորում են հին ժողովուրդների առասպելները, ծեսերը և համոզմունքները տիեզերքի կառուցվածքի մասին։

Գիտնականները նշել են, որ այս բոլոր հազարամյակների ընթացքում որմնանկարները մնացել են զարմանալիորեն կայուն. կերպարները, գունային գամման և ներկի կիրառման կարգը՝ ամեն ինչ արվում էր խիստ կանոններով: Նույնիսկ գործիքների, կենսակերպի և կլիմայի զգալի փոփոխություններից հետո նկարիչները պահպանել են միասնական «պատկերագրական ավանդույթը»՝ տեսողական լեզուն, որը գիտելիքները փոխանցում էր սերնդեսերունդ։

Շատ որմնանկարների չափերը տպավորիչ են. որոշները հասնում են մինչև 30 մետր երկարության և մինչև 6 մետր բարձրության, ընդ որում հարյուրավոր պատկերները որոնք կազմում են միասնական կոմպոզիցիաներ։

Հետազոտողների կարծիքով՝ այս որմնանկարները պարզապես հին արվեստ չեն, այլ իսկական «տեսողական ձեռագրեր» են, որոնք արտացոլում են Ամերիկայի բնիկ ժողովուրդների տիեզերագիտությունը, դիցաբանությունը և հոգևոր աշխարհը: Ավելին, կանյոնների պատերին արտահայտված խորհրդանիշերի և հավատալիքների նույն համակարգը կարող էր հիմք հանդիսանալ մեզոամերիկյան ավելի ուշ շրջանի մշակույթների և ժամանակակից բնիկ համայնքների համար։