Բաքվում է գտնվում Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Դա արդեն Կրեմլի աշխատակազմի ղեկավարի երրորդ այցն է Ադրբեջանի մայրաքաղաք: Նա առաջին երկու այցերը կատարել է 2008թ. դեկտեմբերի 29-ին եւ 2009թ. փետրվարի 28-ին: Ադրբեջանի մայրաքաղաքում նա մասնակցելու է «Ռուսկայա կնիգա» խանութի եւ «Վնեշտորգբանկի» մասնաճյուղի բացման արարողությանը:

Ակնկալվում է, որ Նարիշկինը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին կհանձնի Պատվո շքանշան: Նախատեսվում է, որ Նարիշկինին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Վերջինս, ի դեպ, վաղը՝ նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան: Ուլյանովսկում Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը կմասնակցեն Ուլյանովկսի հրապարակներից մեկը Հեյդար Ալիեւի անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:

Այդ այցերը կայանում են Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ Մյունխենում նոյեմբերի 22-ին կայացած հանդիպման եւ դրանից առաջ Ալիեւի հայտարարության ֆոնին, որ եթե Մյունխենում արդյունք չլինի, Ադրբեջանը կմտածի ղարաբաղյան կարգավորման ռազմական լուծման շուրջ: