Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Սենոն գյուղում, INRAP-ի հնագետները եզակի գտածո են հայտնաբերել՝ Հռոմեական կայսրության դարաշրջանի մետաղադրամներով լի երեք հնագույն անոթ, որոնք թաղված են եղել անմիջապես բնակելի տան հատակի տակ, գրում է Live Science-ը:

Ըստ հետազոտողների, տարաներից մեկում եղել է մոտ 38 կգ մետաղադրամ՝ մոտավորապես 23 000–24 000 հատ: Մեկ այլ անոթում եղել է մոտ 50 կգ, ինչը համապատասխանում է 18 000–19 000 մետաղադրամի: Երրորդը հանել էին դեռ հնում, այդ պատճառով փոսում մնացել էր ընդամենը երեք մետաղադրամ։

Մետաղադրամները հատվել են մոտավորապես մ.թ. 280-310 թվականներին: Դրանց թվում են այսպես կոչված «Գալիական կայսրության» կառավարիչներ Վիկտորինի, Տետրիկ I-ի և Տետրիկ II-ի պատկերներով նմուշները:

Այն փաստը, որ անոթները թաղված են եղել անմիջապես տանը, իսկ «վզիկները» երևացել են հատակի մակարդակին, վկայում է, որ դրանք ծառայել են որպես հնագույն «խնայատուփեր»: Տանտերերն, ամենայն հավանականությամբ, դրանք օգտագործել են խնայողությունները պահելու համար, այլ ոչ թե շտապ թաքցրել են վտանգի պատճառով:

Հնագետներն ընդգծում են. թեև այս տարածաշրջանում արդեն հայտնի է մետաղադրամների մոտ 30 գտածո, այս հայտնագործության կարևորությունը կայանում է ոչ միայն մետաղադրամների քանակի, այլև մանրամասների՝ պահպանման վայրի և եղանակի մեջ: Կուտակումների նման «տնային» ձևաչափը հազվադեպ է հանդիպում և արժեքավոր պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես էին ուշ հռոմեական Գալիայում մարդիկ կազմակերպում իրենց տնտեսությունն ու ֆինանսները: