Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը։ Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք։

Հիշեցնենք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Նրան մեղադրում էին խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։

Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։

Մանուկյանն առաջադրված մեղադրանքը համարել է շինծու, չի ընդունել այն և իրեն մեղավոր չի ճանաչել։