Դեկտեմբերի 10-ին «Թեքեյան Կենտրոնում» կայացավ Արթուր Հարությունյանի «Սևակ Խոյեցի․ Վերջին արշավը» փաստավավերագրական գրքի շնորհանդեսը:

Գիրքը պատմում է 44-օրյա պատերազմում Արցախում զոհված կամավոր, մարզիկ, մարզիչ, մանկավարժ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադիր Սևակ Մնացականյանի՝ Սևակ Խոյեցու (1988 – 2020) կյանքի և գործունեության մասին։

New Picture (1).jpg (42 KB)

Գրքում ներառված են նրա հարազատների, դասընկերների, գաղափարակից և մարտական ընկերների, համախոհների, գործընկերների, սաների հուշերը և պատմությունները նրա մանկական, դպրոցական, ուսանողական տարիներից, մարզական, մարզչական և մանկավարժական գործունեությունից, պատերազմի ծանր օրերից:

Սա զրույց է Սևակի հետ, ապագա սերունդների համար հնարավորություն՝ ճանաչելու իրական հերոսին, որն ապրել է մեր կողքին, աշխատել ու արարել հայրենիքի զարգացման համար, ավելի լավ երկիր և սերունդ ունենալու պայքարի ճանապարհին թողնելով շատ կարևոր մի պատգամ. «Ուժեղի՛ն են լսում, ուժեղի՛նն է ամեն ինչ»: Այս գիրքը կպատմի, թե ինչպես կարելի է սիրել կյանքը, սակայն կյանքից առավել սիրել Հայրենիքը․․․

New Picture (2).jpg (23 KB)

Սևակ Մնացականյանը արցախյան երկրորդ պատերազմի առաջին կամավորներից էր: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 19–ին Արցախի «Եղնիկների» պաշտպանության ժամանակ:

Սևակ Մնացականյանի անունով անվանակոչվել են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցի ու Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի մարզադահլիճները, իսկ Երևանի թիվ 78 մանկապարտեզի բակում տեղադրվել է անվանական ցայտաղբյուրը։ Սևակի հիշատակին նրա ծննդավայրում՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղադրված է հուշաքար, իսկ գյուղի մոտակա անտառում մանկության ընկերները կառուցել են նրան նվիրված տաղավար:

New Picture (3).jpg (37 KB)

2022 թվականից «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը համատեղ սահմանել են Սևակ Մնացականյանի անունով երախտիքի և հարգանքի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» կրթամրցանակ, որը շնորհվում է ՀՖԿՍՊԻ լավագույն ուսանողներին:

New Picture (4).jpg (28 KB)

New Picture (5).jpg (37 KB)

New Picture (6).jpg (30 KB)

New Picture.jpg (20 KB)