Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում որոշում կայացվեց, որով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 7,630.0 հազար դրամ:

Որոշման նպատակն է կատարել հատկացում ՀՀ Լոռու մարզի Յաղդան գյուղի 13-րդ դարի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Ըստ հիմնավորման՝ Լոռու մարզի Յաղդան գյուղում և շրջակայքում պահպանվել են պատմամշակութային մի քանի հուշարձան: Դրանցից առավել հետաքրքրականը գյուղի հյուսիս-արևելյան եզրին՝ Յաղդան - Կողես ավտոճանապարհի աջ կողմում գտնվող միաթռիչք կամուրջն է: Այն թվագրվում է 12-ից 13-րդ դարերով:

Այս կոթողի մասին գրավոր արձանագրություններ չեն պահպանվել: Կամուրջը վերջին անգամ նորոգվել է մոտ 40 տարի առաջ, այժմ վթարային վիճակում է: