Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վենեսուելայի brnapet Նիկոլաս Մադուրոյին հրավիրել է իր երկիր, եթե վերջինս հեռանա իր պաշտոնը։

Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսն ու Վենեսուելան վաղեմի հարաբերություններ ունեն և որ Մադուրոն կարող է գալ Մինսկ, եթե ցանկանա։

«Մադուրոն երբեք մեզ համար թշնամի կամ հակառակորդ չի եղել։ Եթե նա ցանկանում է գալ Բելառուս, դռները նրա համար բաց են։ Բայց անկեղծ կասեմ ձեզ՝ դա երբեք չի քննարկվել։ Մադուրոն այն մարդկանցից չէ, ովքեր հեռանում են կամ փախչում։ Նա շատ ուժեղ մարդ է»,– ասել է նա։

Բելառուսի ինքնահռչակ նախագահը ընդգծել է, որ ուրախ կլինի քննարկել Վենեսուելայի հարցը և այլ հարցեր Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։

«Ես բացարձակապես համոզված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր հարցերը, բոլոր ցանկությունները այսօր կարելի է լուծել խաղաղ ճանապարհով։ Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք կկարողանանք քննարկել այդ հարցը Դոնալդ Թրամփի հետ։ Ես նրան շատ հետաքրքիր բաներ կպատմեի։ Պատերազմը ոչ մի տեղ չի տանի»,– ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ պատերազմը Վենեսուելայի հետ կլինի «երկրորդ Վիետնամը»։ Նրա կարծիքով՝ Վենեսուելայի հետ հակամարտությունը կհանգեցնի միայն նրան, որ վենեսուելացիները կմիավորվեն՝ ի պաշտպանություն Մադուրոյի։

«Ես չեմ հավատում, որ Միացյալ Նահանգներ մտնող նման քանակությամբ թմրանյութերը գալիս են Վենեսուելայից։ Ես չեմ հավատում Թրամփին այս հարցում։ Մադուրոն թմրամոլ չէ։ Դա ես հաստատ գիտեմ»,– հավելել է Լուկաշենկոն։