Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը սկսել է հովանավորել Հանրապետական ​​կուսակցության քարոզարշավները՝ 2026 թվականի միջանկյալ ընտրություններից առաջ։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։

«Վերջերս միլիարդատերը խոշոր գումարներ է ուղարկել՝ հաջորդ տարի կայանալիք Կոնգրեսի ընտրություններում հանրապետականներին օգնելու համար և հասկացնել է տվել, որ ավելի շատ կհատկացնի 2026 թվականի ընտրական փուլում», - ասվում է պորտալի հրապարակած նյութում:

Ինչպես նշում է Axios-ը, նվիրատվությունների կոնկրետ չափը կբացահայտվի միայն հունվարին, երբ կհրապարակվեն նախընտրական քարոզարշավների ֆինանսական հաշվետվությունները: Պորտալը հիշեցնում է, որ նվիրատվություններին նախորդել է նոյեմբերին կայացած ընթրիքը, որին ներկա են եղել հենց ինքը՝ Մասկը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը և այլն:

Բացի այդ, հղում անելով իր աղբյուրներին, Axios-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չարություն չի տածում Մասկի նկատմամբ նրանց վեճից հետո. նրանց միջև հարաբերությունները լավացել են, սակայն այլևս երբեք այնքան մտերիմ չեն լինի, որքան նախկինում են եղել։

Հունիսին Մասկի և Թրամփի միջև հրապարակային վիճաբանություն է տեղի ունեցել ԱՄՆ նախագահի առաջարկած դաշնային ծախսերի կրճատման լայնածավալ օրինագծի պատճառով, որը Մասկն անվանել է «զզվելի գարշանք»: Հունիսի վերջին, Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին, Մասկը կրկին առաջարկել է ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցություն ստեղծել՝ հայտարարելով, որ այժմ երկիրը «միակուսակցական» է։ Ի պատասխան գործարարի քննադատությանը՝ Թրամփը նախազգուշացրել է, որ առանց սուբսիդիաների վերջինս ստիպված կլինի «փակել կրպակը և վերադառնալ տուն՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն»:

Սեպտեմբերի վերջին՝ սպանված պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի հոգեհանգստի արարողության ժամանակ, Թրամփի և Մասկի միջև զրույց է տեղի ունեցել և նրանք սեղմել են միմյանց ձեռքը։ Հրաժեշտից առաջ Թրամփը թփթփացրել է Մասկի ուսին։