Իրաքի տրանսպորտի նախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ հունական Aegean Airlines ավիաընկերության չվերթը դարձել է վերջին 35 տարվա ընթացքում առաջին եվրոպական օդանավը, որը վայրէջք է կատարել Բաղդադի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ օդանավի ժամանումը խորհրդանշում է «Իրաքի վերադարձը եվրոպական ավիացիոն քարտեզ» և ազդարարում է «Իրաքի ավիացիոն ոլորտի վերականգնման նոր փուլը»:

Նախարարությունից հայտնել են, որ Աթենք–Բաղդադ երթուղով շաբաթական երկու չվերթ է իրականացվելու՝ կախված չվերթների քանակն ավելացնելու պահանջարկից և հնարավությունից։ Ավելի վաղ, այս տարի, հունական փոխադրողը սկսել էր թռիչքներ իրականացնել դեպի Հյուսիսային Քուրդիստանի ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլ։

Եվրոպական ավիաընկերությունները 1990-ականների սկզբից ի վեր անվտանգության նկատառումներով ուղիղ չվերթներ չեն իրականացնում դեպի Բաղդադի միջազգային օդանավակայան, երբ Իրաքի երկարամյա տիրակալ Սադամ Հուսեյնը ներխուժել է հարևան Քուվեյթ։ Հուսեյնը տապալվել է 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժման արդյունքում, որին հաջորդել են քաղաքացիական պատերազմը, կրոնական հողի վրա բռնությունները և զինված ծայրահեղական խմբավորումների ի հայտ գալը։