Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Sidewinder հրթիռներ փոխանցելու իր մտադրության մասին՝ Ուկրաինայի օդային պաշտպանությունը ամրապնդելու համար: Նա նման հայտարարություն է արել Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի («Ռամշտայն» ձևաչափով) նիստի բացման ժամանակ, հայտնել է ««Европейская правда»-ն:

Պիստորիուսը նշել է, որ Գերմանիան զգալիորեն ամրապնդել է Ուկրաինայի օդային պաշտպանությունը՝ մատակարարելով օգոստոսին համաձայնեցված երկու Patriot համակարգեր, մասամբ նորվեգացի գործընկերների շնորհիվ, ինչպես նաև իններորդ IRIS-T հակահրթիռային պաշտպանության համակարգը:

«Հաջորդ տարի Ուկրաինայի օդային պաշտպանությունը ամրապնդելու համար մեր պահեստներից մեծ քանակությամբ Sidewinder հրթիռներ կտրամադրենք»,- հայտարարել է գերմանացի նախարարը:

Դրանք երկինք-երկինք դասի հրթիռներ են, որոնք կարող են արձակվել ուղղաթիռներից կամ կործանիչներից՝ թշնամու ինքնաթիռների կամ անօդաչու թռչող սարքերի դեմ:

Միացյալ Նահանգներն արդեն իսկ Ուկրաինային նման հրթիռներ է փոխանցել: Ուկրաինացի փորձագետներն այս հրթիռները, որոնք սկզբնապես նախատեսված էին F-16 կործանիչների համար, վերածել են երկիր-երկինք դասի հրթիռների՝ Ուկրաինայի օդային պաշտպանության կարիքների համար: