Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը չորեքշաբթի «Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչին զգուշացրել է, որ «ժամանակը գնաց», որը վերաբերում է ակումբի վաճառքից սառեցված 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (3,4 միլիարդ ԱՄՆ դոլար) եկամտին, որը նախատեսված էր Ուկրաինայում պատերազմի տուժածներին օգնելու համար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Նշվում է, որ Սթարմերը Աբրամովիչին դիմել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
«Պահպանեք ձեր ստանձնած պարտավորություններն ու վճարեք հիմա, իսկ եթե ոչ, մենք պատրաստ ենք իրավական գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու համար, որ յուրաքանչյուր պեննի հասնի նրանց, ում կյանքը կործանվել է Պուտինի անօրինական պատերազմի պատճառով»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Հունիսին նախարարները հայտարարել են, որ Աբրամովիչի հետ՝ 2022 թվականի մայիսի վաճառքից ստացված հասույթը օգտագործվելու կապակցությամբ համաձայնության չհասնելուց «հիասթափված են»։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է, որ միջոցներն օգտագործվեն Ուկրաինայում մարդասիրական նպատակներով, սակայն միլիարդատերը պնդում է, որ դրանք օգտագործվեն հակամարտության բոլոր կողմերի, ներառյալ՝ ռուսական կողմի տուժածների համար։ Ամերիկացի գործարար Թոդ Բոելիի գլխավորած կոնսորցիումը գնեց Պրեմիեր լիգայի հսկաներին, երբ Աբրամովիչն Ուկրաինայի պատերազմի պատճառով պատժամիջոցների ենթարկվեց։
Սառեցված միջոցները պահվում են Մեծ Բրիտանիայի բանկային հաշվին։ Դրանք դեռևս օրինականորեն պատկանում են Աբրամովիչին և չեն կարող տեղափոխվել առանց Ֆինանսական պատժամիջոցների կիրառման գրասենյակի արտոնագրին։ Սակայն Սթարմերը չորեքշաբթի օրենսդիրներին հայտնել է, որ կառավարությունը ներկայում տրամադրում է նման արտոնագիր։
«Ես կարող եմ հայտարարել, որ մենք արտոնագիր ենք տրամադրում «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացված 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի փոխանցման համար, որը սառեցվել է... 2022 թվականից,- նշել է նա։ -Իմ ուղերձը Աբրամովիչին հետևյալն է. ժամանակը գնում է»։
Հրեական ծագմամբ ռուսաստանցի 59-ամյա միլիարդատերը ակումբը գնել է 2003 թվականին, և մինչև 2021 թվականը նրա զուտ կարողությունը գնահատվում էր 14,5 միլիարդ դոլար։ «Չելսին» իր ամենահաջողակ շրջանն անցկացրեց Աբրամովիչի ղեկավարության ներքո՝ նվաճելով երկու Չեմպիոնների լիգա, հինգ Պրեմիեր լիգա, հինգ Անգլիայի գավաթ, Եվրոպա լիգայի երկու և աշխարհի ակումբային գավաթներ։





























