Անվտանգության ուժերը տարհանել են 25 լրագրողի, որոնք փակված էին մնացել Daily Star եւ Prothom Alo թերթերի խմբագրությունների շենքերում, դրանք հրկիզվել էին Բանգլադեշում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է India Today հեռուստաալիքը։
Հրապարակված լուսանկարներում երեւում են խմբագրությունների ածխացած պատերը եւ լրիվ այրված ներքին շինությունները։
Զանգվածային բողոքները բռնկվել են դեկտեմբերի 19-ի գիշերը Դաքայում, երիտասարդ քաղաքական ակտիվիստ Շարիֆ Օսման Խադիի մահվանից հետո, որը մահացել է Սինգապուրի հիվանդանոցում այն վիրավորումների հետեւանքով, որոնք ստացել է Բանգլադեշի մայրաքաղաքում դեկտեմբերի 12-ին իր դեմ կատարված մահափորձի ժամանակ։ 32-ամյա Խադին 2024թ. հակակառավարական ցույցերի առաջնորդներից մեկն էր։ Նա դեմ էր Հնդկաստանի ազդեցությանը Բանգլադեշի ներքին քաղաքականության վրա։
Երբ հայտնի դարձավ Խադիի մահվան մասին, հազարավոր մարդիկ դուրս եկան Դաքայի եւ երկրի այլ քաղաքների փողոցներ։ Նրանք մեղադրեցին իշխանություններին երիտասարդ քաղաքական գործչին չպաշտպանելու մեջ։ Բացի Prothom Alo եւ Daily Star թերթերի գրասենյակներից, ցուցարարները հրդեհել են նախկին իշխող «Ավամի Լիգ» կուսակցության գրասենյակը։ Նրանք նաեւ քարեր են նետել հնդիկ դիվանագետներից մեկի նստավայրի վրա։
Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար Մուհամադ Յունուսը ելույթ է ունեցել բազմության առջեւ եւ հանգստության կոչ է արել։ Նա դեկտեմբերի 20-ը հայտարարել է ազգային սգո օր՝ Խադիի մահվան կապակցությամբ։ Յունուսը նաեւ խոստացել է, որ նրա սպանության համար պատասխանատուները կգտնվեն եւ կպատժվեն։ Բանգլադեշի անվտանգության ուժերը բերվեել են բարձր մարտական պատրաստության վիճակի։
2024թ․ հուլիսին Բանգլադեշում բռնկվեցին կառավարության դեմ բողոքի ցույցեր, որոնց ակտիվորեն մասնակցում էին ուսանողները, որոնք դժգոհ էին գործազրկությունից եւ տնտեսական հեռանկարների բացակայությունից։ Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ անկարգությունների եւ բախումների հետեւանքով զոհվեց մոտ 1 400 մարդ։ 2024թ․ օգոստոսի 5-ին վարչապետ Շեյխ Հասինան, որն իշխանությունը գլխավորում էր վերջին 20 տարիների ընթացքում, հրաժարական է տվել եւ փախել Հնդկաստան, որտեղ եւ մնում է։ Այդ ժամանակից երկիրը կառավարում է Յունուսի գլխավորած ժամանակավոր կառավարությունը։
Դեկտեմբերի 17-ին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Նյու Դելիում Բանգլադեշի դեսպան Ռիազ Համիդուլահին եւ լուրջ մտահոգություն հայտնել Դաքայում Հնդկաստանի դիվանագիտական առաքելության անվտանգությանը սպառնացող որոշակի ծայրահեղական տարրերի ծրագրերի հետ կապված։ Նրանք հայտարարել են «Երթ դեպի Հնդկաստանի դեսպանատուն» բողոքի ակցիա անցկացնելու մտադրության մասին։ Դրանից հետո Հնդկաստանի իշխանությունները փակել են վիզաների կենտրոնները ոչ միայն Դաքայում, այլեւ Քհուլնա եւ Ռաջշահ քաղաքներում։





























