Կամբոջայի մոտ 500 հազար բնակիչներ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից Թաիլանդի հետ սահմանին հակամարտության սրման պատճառով, նրանց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ Այս մասին տեղեկացրել է Կամբոջայի մամուլի գործակալությունը՝ հղում կատարելով թագավորության ՆԳՆ տվյալներին։

Նրա տեղեկացմամբ՝ 14 նահանգների մոտավորապես 498,2 հազար բնակիչներ լքել են իրենց տները։ Նրանցից գրեթե 418,8 հազարը կանայք եւ երեխաներ են։ Վերջին տվյալների համաձայն՝ Կամբոջայում հրետակոծության հետեւանքով զոհվել է 18 խաղաղ բնակիչ, վիրավորվել 78-ը։ Դեկտեմբերյան սրացման սկզբից ի վեր վնասվել են 73 բնակելի շենք, մի քանի կրոնական վայրեր, ինչպես նաեւ քաղաքային եւ ճանապարհային ենթակառուցվածքներ։

Թաիլանդ-Կամբոջա սահմանին դեկտեմբերի 7-ին սկսվել են բախումներ՝ հրազենի կիրառմամբ։ Կամբոջայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սահմանային շրջաններում թաիլանդական զինված ուժերի մի քանի օր տեւած սադրիչ գործողություններից հետո, որոնք նպատակ ունեին նոր բախում հրահրել, նրանք սկսել են հարձակվել կամբոջական դիրքերի վրա։ Թաիլանդական բանակը հայտարարել է, որ կամբոջական ուժերը հրետանային կրակ են բացել սահմանային գոտու թաիլանդական դիրքերի վրա, թաիլանդական զորքերը պատասխանել են՝ հարձակվելով կամբոջական ռազմական ենթակառուցվածքների վրա՝ փորձելով վերահսկողություն հաստատել հիմնական տարածքների վրա եւ վնաս հասցնել թշնամուն։