2026 թվականի աշնանն ԱՄՆ-ում կանցկացվեն «Հայրենասերների խաղեր»՝ Միացյալ Նահանգների 250-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Միջոցառմանը կմասնակցեն երկրի տարբեր ծայրերից ժամանած երիտասարդ մարզիկներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս աշնանը մենք կանցկացնենք առաջին «Հայրենասերների խաղերը». աննախադեպ չորսօրյա մարզական միջոցառում, որին կմասնակցեն ավագ դպրոցների լավագույն մարզիկները՝ մեկ տղա և մեկ աղջիկ յուրաքանչյուր նահանգից և տարածքից»,- ասել է Թրամփը իր տեսաուղերձում, որը հրապարակվել է ամերիկացի առաջնորդի ինստագրամյան էջում։
Թրամփը խոստացել է, որ «տղամարդիկ չեն մասնակցի կանանց սպորտաձևերին»՝ նկատի ունենալով տրանսգենդեր անձանց։
Ամերիկայի Դեմոկրատական կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում «Հայրենասերների խաղերը» համեմատել է «Քաղցած խաղեր» դիստոպիկ սագայի սյուժեի հետ, որտեղ երեխաները հեռուստատեսային մրցումներում ստիպված էին պայքարել մինչև մահ։
ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ 2026 թվականի հունիսի 25-ից հուլիսի 10-ը Վաշինգտոնում կանցկացվի Ամերիկյան նահանգների մեծ տոնավաճառը, որին բոլոր 50 նահանգները կներկայացնեն իրենց ցուցանմուշները: Անկախության օրվա տոնակատարությունը կներառի ավանդական հրավառություն և օդային շոու: Բացի դրանից, հունիսի 14-ին Սպիտակ տան մարգագետնում կանցկացվի խառը մենամարտի մրցաշար:



























