Կամբոջայում կես միլիոնից ավելի մարդ ստիպված է եղել լքել իր տունը՝ հարևան Թաիլանդի հետ երկու շաբաթ տևած արյունալի սահմանային բախումների պատճառով, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Կամբոջայի ՆԳՆ տվյալները։
ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ տարհանվել է 518 611 մարդ, որոնց թվում կանայք և երեխաներ։ Նրանք լքել են իրենց տները և դպրոցները՝ թաիլանդական F-16 ինքնաթիռների կողմից իրականացվող հրետակոծություններից, հրթիռային հարվածներից և օդային ռմբակոծություններից փրկվելու համար։
Բանգկոկի տվյալներով, Թաիլանդում ևս մոտ 400 000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը՝ սահմանային հակամարտության վերսկսման հետևանքով։ Կողմերը մեղադրում են միմյանց նոր մարտական գործողություններ հրահրելու և խաղաղ բնակչության վրա հարձակումներ իրականացնելու մեջ։
ԱՄՆ-ն, Չինաստանը և Մալայզիան միջնորդել էին հրադադարի կնքման համար, սակայն այն երկար չի տևել։
Պաշտոնական տվյալներով, այս ամսվա ընթացքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով, որոնցում կիրառվել են տանկեր, անօդաչու սարքեր և հրետանի, զոհվել է առնվազն 22 մարդ Թաիլանդում և 19 մարդ Կամբոջայում։
Կոնֆլիկտի հիմքում ընկած է 800 կիլոմետրանոց սահմանագծի վերաբերյալ տարածքային վեճը, որը ձևավորվել է գաղութային ժամանակաշրջանում, ինչպես նաև սահմանին գտնվող հին տաճարների ավերակների պատկանելիության հարցը։





























