Գոյություն ունեն «Կազբեգի-Վերին Լարս» անցակետի բացման հեռանկարներ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար, ստատս-քարտուղար Գրիգորի Կարասինը՝ «Օգոնյոկ» հանդեսին տված հարցազրույցում: Նրա խոսքով, տվյալ հարցով բանակցություններն անցկացվել են Երեւանում եւ քննարկումը շարունակվելու է:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գեորգի Թարգամաձեն, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններն ընթանում են Հայաստանի եւ Շվեյցարիայի միջնորդությամբ, եւ այդ գործընթացը, հավանաբար, կավարտվի մինչեւ տարեվերջ: Ինչպես նշել է ՔԴՇ առաջնորդը, անցակետով միայն տարանցիկ բեռների անցման դեպքում վտանգի աստիճանն ավելի քիչ կլինի, քան ամբողջական գործարկման դեպքում:

Նշենք, որ «Վերին Լարս» անցակետի հնարավոր բացման հարցը քննարկվել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդում, որին մասնակցել են նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, կառավարության անդամներ եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: ԱԱԽ քարտուղար Էկա Տկեշելաշվիլին քննարկման արդյունքներով հայտարարել էր, որ եթե բանակցությունները հաջող ընթանան եւ սահմանը բացվի, «դա միայն դրական կլինի մեր եւ մեր հարեւան Հայաստանի համար, եւ որեւէ կերպ անվտանգության սպառնալիք չի դառնա երկրի համար»: