Շվեդիայի կառավարությունը առաջարկել է օրենսդրական արգելք մտցնել զարմիկների և այլ մերձավոր ազգականների միջև ամուսնությունների վերաբերյալ, հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարարությունը։

«Կառավարությունը որոշել է ներկայացնել օրենսդրական առաջարկ՝ զարմիկների և այլ մերձավոր ազգականների միջև ամուսնություններն արգելելու համար», - ասվում է Արդարադատության նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը նաև առաջարկում է, որ արտասահմանում կնքված նման ամուսնությունները նույնպես չճանաչվեն Շվեդիայում։

Նախարարության փոխանցմամբ՝ այս առաջարկներն ուղղված են «պատվի» հետ կապված հալածանքների և ամուսնության ժամանակ ճնշումների այլ տեսակների դեմ պայքարին:

«Պատվի հետ կապված բռնությունն ու հալածանքներն անընդունելի են մեր հասարակությունում։ Հեշտ է խոսել «զրոյական հանդուրժողականության» մասին, սակայն դա պետք է արտացոլվի նաև օրենսդրության մեջ», - հաղորդագրության մեջ մեջբերվում են արդարադատության նախարար Գունար Ստրյոմերի խոսքերը։

Կառավարության նախագծի համաձայն՝ բացի զարմիկների և զարմուհիների միջև ամուսնություններից, կարգելվեն նաև ամուսնությունները այլ մերձավոր ազգականների միջև։ Մասնավորապես՝ համահայր կամ համամայր (խորթ) եղբայրներն ու քույրերը, ինչպես նաև որդեգրված եղբայրներն ու քույրերը չեն կարողանա միմյանց հետ ամուսնանալու թույլտվություն ստանալ։

Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հուլիսի 1-ից։