Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը կատակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սեռական կողմնորոշման վերաբերյալ։
Դուրովն ավելի վաղ ներկայացրել էր իր պատկերացումները՝ սերմնահեղուկի դոնորության իր ծրագրի տարբերանշանի (լոգոյի) մասին։ X սոցիալական ցանցում նա հրապարակել էր վանդակավոր թղթի մի լուսանկար՝ նշումներով և էսքիզով, որը նման է շրջանակի մեջ ներառված «pd» տառերի համակցությանը. դրանք հավանաբար ակնարկում են գործարարի անվան և ազգանվան սկզբնատառերը (Pavel Durov)։
«Այդ դեպքում դա կլինի ոչ հոմոսեքսուալ նախագիծ, որն իրեն ներկայացնում է որպես հոմոսեքսուալ։ Ճիշտ Ֆրանսիայի նախագահի նման, միայն թե՝ հակառակը»,- գրել է Դուրովը՝ գրառմանը կցելով շրջված սմայլիկ։
Նախկինում Մակրոնն արդեն հայտնվել էր իր կողմնորոշման հետ կապված սկանդալի կենտրոնում։ 2021 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, իրեն անկախ լրագրող համարող Նատաշա Ռեյը YouTube հարթակում հրապարակված տեսանյութում հայտարարել է, որ արդեն մի քանի տարի է՝ հետաքննություն է իրականացնում նախագահի տիկնոջ վերաբերյալ։ Նա պնդել է, թե Բրիջիտ Մակրոնը (ի ծնե՝ Տրոնյե), ով նախագահից մեծ է 24 տարով, իրականում ծնվել է որպես տղամարդ, ում անունը եղել է Ժան-Միշել։ Տեսանյութը վիրուսային է դարձել և արագ տարածվել լրատվամիջոցներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։
2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը Ռեյին, ինչպես նաև Ամանդին Ռուային (իսկական անունը՝ Դելֆին Ժեգուս), ում YouTube-յան ալիքով հանդես է եկել Ռեյը, դատապարտել է 13,5 հազար եվրո տուգանքի՝ զրպարտության համար։
2025 թվականի հուլիսին Փարիզի վերաքննիչ դատարանն արդարացրել է Ռեյին զրպարտության գործով, որը նրա դեմ հարուցվել էր Բրիջիտ Մակրոնի և նրա եղբոր կողմից։ Դատարանը գտել է, որ նրա մեկնաբանությունների մեծ մասը չի համապատասխանում զրպարտության իրավական սահմանմանը։ Բրիջիտ Մակրոնի փաստաբանն այնուհետև հայտնել է, որ որոշումը կբողոքարկի վճռաբեկ դատարանում։



























