Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթն ուրբաթ օրը հայտարարել է, որ ինքն ու ամուսինն իրենց երկրորդ երեխային են սպասում, որը պետք է լույս աշխարհ գա մայիսին:
«Սուրբ ծննդյան լավագույն նվերը, որի մասին միայն կարող էինք երազել՝ 2026 թվականի մայիսին դուստր ունենալն է», - Instagram-ի իր էջում ուրբաթ օրը գրել է 28-ամյա Լիվիթը՝ կից հրապարակելով լուսանկարներ, որոնցում նա պատկերված է Սուրբ ծննդյան տոնածառի մոտ՝ ուլտրաձայնային հետազոտության (Սոնոգրաֆիա) պատկերներով:
«Ամուսինս և ես հիացած ենք, որ մեր ընտանիքը ընդլայնվում է և անհամբերությամբ սպասում ենք տեսնելու, թե ինչպես է մեր որդին մեծ եղբայր դառնում: Սիրտս լի է Աստծո հանդեպ երախտագիտությամբ՝ մայրության օրհնության համար․ ես անկեղծորեն հավատում եմ, որ դա երկրի վրա դրախտին ամենամոտ զգացողությունն է», - հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Լիվիթի և նրա ամուսնու՝ Նիկոլաս Ռիչիոյի առաջնեկը ծնվել է 2024 թվականի հուլիսին՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ վերընտրվելուց մի քանի ամիս առաջ։ Երեխային անվանակոչել են հոր պատվին։ Լիվիթը և նրա 60-ամյա ամուսինը ծանոթացել են 2022 թվականին, երբ նա անհաջող կերպով առաջադրվել էր Նյու Հեմփշիրի Կոնգրեսի ընտրություններում։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը 2024 թվականին աշխատել է որպես Թրամփի նախընտրական արշավի ազգային մամուլի քարտուղար։ Ընտրվելուց ընդամենը մի քանի օր անց նախագահը Լիվիթին նշանակել է Սպիտակ տան մամուլի քարտուղար։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է հունվարին կայացած Թրամփի երդմնակալության պահից ի վեր։ Ուրբաթ օրվա իր գրառման մեջ Լիվիթը շնորհակալություն է հայտնել Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին՝ իրեն որպես ծնող աջակցելու համար՝ գրելով. «Ես նաև անչափ երախտապարտ եմ նախագահ Թրամփին և մեր աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսին՝ իրենց աջակցության և Սպիտակ տանը ընտանիքի համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելու համար։ 2026 թվականը խոստանում է հիանալի տարի լինել և ես այնքան երջանիկ եմ, որ աղջիկ եմ ունենալու»։
Ինչպես հայտնում է NBC News-ը, Սպիտակ տանը չեն պատասխանել այն հարցին, թե արդյոք Լիվիթը պլանավորում է դեկրետային արձակուրդ գնալ դստեր ծնվելուց հետո և արդյոք որևէ մեկը կփոխարինի նրան արձակուրդի ժամանակ։




























