Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելել են Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն կայան եւ ծանոթացել 2011 թվականի ընթացքում կատարված արդիականացման ծրագրի աշխատանքների արդյունքներին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետն ու նախարարը նախ ծանոթացել են մեքենաների պարկին, որից հետո նրանց ներկայացվել է գծային եւ վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած եւ ամբողջովին նորացված մեքենաների աշխատանքային հնարավորությունները:
«Շտապօգնության ծառայության սպասարկման որակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է եւ մենք շարունակելու ենք այս օղակում բարելավման ու արդիականացման աշխատանքները: Վստահ եմ, ակտիվորեն համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մենք էլ ավելի արդյունավետ կդարձնենք այս օղակի աշխատանքը»,-նշել է քաղաքապետը:
Այնուհետ Տարոն Մարգարյանն ու Արմեն Երիցյանը շրջել են կայանի ամբողջությամբ վերանորոգված եւ վերազինված սենյակներով: Այստեղ հյուրերին ծանոթացրել են «1-03» օպերատիվ ծառայության արդիականացման ուղղությամբ արդեն ձեռնարկված ու կիրառվող ժամանակակից հնարավորություններին, այդ թվում շտապօգնության մեքենաներում GPS համակարգի տեղադրման, դրանց տեղաշարժի առցանց վերահսկման, ինչպես նաեւ շտապբուժօգնության ծառայության եւ ենթակայանների միջեւ համակարգչային կապի ապահովման ծրագրերին: Նշվել է նաեւ, որ վերջին մեկ տարվա ընթացքում բուժանձնակազմի ավելի քան 400 աշխատակիցներ, այդ թվում բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ ու կարգավարներ, անցել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Բուժանձնակազմն ապահոված է նաեւ ձմեռային եւ ամառային հատուկ համազգեստներով:
Քաղաքացիների կանչերի արագ սպասարկման նպատակով, վերջերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շտապօգնության ծառայության հենակետային կայաններ բացվեցին նաեւ Ավան եւ Նուբարաշեն վարչական շրջաններում:




























