Եթե Ադրբեջանի իշխանությունները առաջիկայում ազատ չարձակեն քաղբանտարկյալներին, ապա մենք բողոքի զանգվածային ակցիաներ ենք սկսելու: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը «Հասարակական պալատի»` փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ: Այդ մասին հաղորդում է «Ենի Մուսավաթ» թերթը:

Նիստը նվիրված է եղել քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված խնդիրների քննարկմանը, որին մասնակցել են քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ եւ այլն: Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել Մյունխենում տեղի ունեցած Անվտանգության կոնֆերանսի ժամանակ  Իլհամ Ալիեւին տված հարցին, որը, նիստի մասնակիցների կարծիքով, կարելի է ընդունել որպես Արեւմուտքի կողմից իշխանություններին ուղղված նախազգուշացում:

Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաեւ «Եվրատեսիլ 2012»-ի կազմակերպման խնդիրներին: «Մենք կողմ ենք երգի մրցույթի կազմակերպմանը: Սակայն եթե մոտ օրերս քաղբանտարկյալներին ազատ չարձակեն, մենք Եվրատեսիլի նախօրեին խոշոր ակցիաներ ենք անցկացնելու: Լինելու են ե’ւ զանգվածային ակցիաներ, ե’ւ պիկետներ, ե’ւ ֆլեշմոբեր: Մեր երկիր ժամանող լրագրողները արդեն տեղյակ են, որ այստեղ քաղբանտարկյալներ կան, որ Ադրբեջանն ազատ երկիր չէ», ասել է Իսա Ղամբարը:

Նշենք, որ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Amnesty International-ի զեկույցների համաձայն, Ադրբեջանում հաշվվում են 16 քաղբանտարկյալ, ովքեր ձերբակալվել են մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ: