Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նոյեմբերի 23-ին նամակով դիմել է Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ առաջարկելով քննարկել նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակահարմարության հարցը:

Արմեն Հարությունյանը նամակում հայտնել է, որ նոյեմբերի 21-ին Պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը հանդիպել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող Սասուն Միքայելյանին, որը հայտնել է, որ ծայրաստիճան վատառողջ վիճակում է եւ իրեն ցուցաբերվող բուժօգնությունը որեւէ դրական արդյունք չի տալիս՝ անհրաժեշտ բուժսարքավորումների եւ համապատասխան մասնագետների բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը մեղադրվում էր մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ եւ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: