Լեհաստանը Ուկրաինային կմատակարարի մինչև ինը հնացած ՄիԳ կործանիչներ՝ Կիևին Ռուսաստանից պաշտպանվելու համար, TVP World-ին տված հարցազրույցում հայտնել է պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։

Ըստ Զալևսկու՝ կառավարությունն արդեն որոշում է ընդունել այդ հարցի վերաբերյալ։

Դեկտեմբերին երկրի ռազմական հրամանատարությունը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում այն ​​հնարավոր համաձայնագրի շուրջ, ըստ որի Լեհաստանը կստանա Ուկրաինայում մշակված անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիա՝ խորհրդային ժամանակաշրջանի ՄիԳ-երի դիմաց։

 «Մենք սպասում ենք Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատասխանին։ Քննարկումները շարունակվում են... Դրանք բացառապես տեխնիկական քննարկումներ են»,- ասել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարարը։

Հարցին՝ արդյոք Ուկրաինան համաձայնե՞լ է ընդունել Լեհաստանի առաջարկը, Զալևսկին պատասխանել է, որ Կիևը համաձայնել է։

 «Ըստ իս... ուկրաինացիները որոշել են ընդունել այդ առաջարկը։ Անշուշտ, կան որոշ տեխնիկական ասպեկտներ, որոնք, ինչպես միշտ, պարզաբանում են պահանջում»,- նշել է նա։ Զալևսկին հավելել է, որ սկզբնական մատակարարումը կկազմի «տասի չհասնող» ինքնաթիռ։

Դեկտեմբերին Լեհաստանի պաշտպանության մեկ այլ փոխնախարար Ցեզար Տոմչիկը հայտարարել էր, որ Լեհաստանի զինված ուժերում «6-8» խորհրդային դարաշրջանի ինքնաթիռների ծառայության ժամկետը մոտենում է ավարտին, և որ դրանք ռազմական տեխնիկայի փոխանակման հնարավոր գործարքի շրջանակում կարող են փոխանցվել Ուկրաինային։