Երեկ երեկոյան Համբուրգի Բիլշտեդտ կայարանում մետրոյի գնացքի վթար է տեղի ունեցել, հաղորդում է Bild-ը։ Դատարկ U2 գնացքը բախվել է կանգառի ռելսին, ինչի հետևանքով երեք վագոն դուրս է եկել ռելսերից։ Կայարանների միջև երթևեկությունը անմիջապես դադարեցվել է։

Ըստ նախնական վարկածի՝ գնացքը փակուղի է մտել չափազանց բարձր արագությամբ։ Մեքենավարին շոկային վիճակում տեղափոխել են հիվանդանոց, գրում է Hamburger Abendblatt պարբերականը։ Այլ տուժածներ չկան, քանի որ վթարի պահին կազմում ուղևորներ չեն եղել։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է Hamburger Morgenpost-ը, ռելսերից դուրս եկած վագոններից մեկը կարող էր վնասել հանդիպակաց ուղղությամբ ընթացող գնացքը: Վերջինիս մեջ եղել է 172 ուղևոր. մարդկանց վագոններից դուրս են բերել վթարային սանդուղքներով և տեղափոխել ավտոբուսներով: Գծի այդ հատվածը փակ կմնա մինչև օրվա վերջ, վթարի պատճառները հետաքննվում են: