Ժնեւի փողոցներում խոշոր վթարի հանգեցրած ապօրինի մրցարշավին, որի հետեւանքով տուժել է 70-ամյա մի գերմանացի թոշակառու, որպես մասնակից՝ կասկածվում են Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանական ծագումով ռուսաստանցի գործարար Թելման Իսմայլովի որդիները՝ Ալեքպերն ու Սարխանը: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:
Բախման անմիջական մեղավորին սպառնում է մեկ տարվա ազատազրկում, իսկ օլիգարխի որդիներն առայժմ գործով անցնում են որպես վկաներ:
Միջադեպը տեղի է ունեցել անցած հինգշաբթի, երբ չորս երիտասարդներ՝ Ռուսաստանի քաղաքացիներ, մրցարշավ էին կազմակերպել թանկարժեք սպորտային մեքենաներով՝ Bugatti Veyron, Mercedes McLaren, Porsche Cayenne Turbo եւ Lamborghini Murcielago:
Lamborghini-ի սեփականատերը, դանդաղելով մեկնարկում, ստիպված է եղել կանգնել կարմիր լույսի տակ, հետո էլ սկսել է հասնել իր ընկերներին: Փորձելով անցնել առջեւից ընթացող Volkswagen Golf-ին, որի ղեկին էլ եղել է գերմանացի թոշակառուն, սպորտային մեքենայի վարորդը չի կարողացել պահպանել ընթացքը եւ մխրճվել է Golf-ի մեջ, որի վարորդին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Վթարի մեղավորի անունը դեռ չի հաղորդվում ոչ ոստիկանության, ոչ էլ Շվեյցարիայում Ռուսաստանի դեսպանատան կողմից: Մի վարկածով, դա կապված է նրա հետո, որ վարորդները բարձրաստիճան հայրերի զավակներ են: Հայտնի է դարձել, որ Bugatti-ի եւ McLaren-ի ղեկին եղել են Թելման Իսմայլովի որդիները, իսկ մեղավորը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է: Իսմայլով կրտսերները հարցաքննվել են որպես վկա, եւ հայտարարել, թե ծանոթ չեն Lamborghini-ի վարորդին:


























