ԱՄՆ Տեխաս նահանգում սպիտակամորթ կնոջ բռնաբարության և սպանության մեղադրանքով սևամորթ տղամարդու մահապատժից գրեթե 70 տարի անց պաշտոնական իշխանությունները նրան անմեղ են ճանաչել և արդարացրել, հայտնում է NBC News-ը։
1956 թվականի մայիսին մահապատժի ենթարկված Թոմի Լի Ուոքերի պատմությունը դարձել է ԱՄՆ դատական համակարգում ռասայական խտրականության հետ կապված խորը պատմական անարդարության վառ օրինակ։
Թոմի Լի Ուոքերը ձերբակալվել էր 1953 թվականին 19 տարեկան հասակում՝ 31-ամյա վաճառողուհի Վենեցիա Փարկերի սպանության կասկածանքով։ Քննիչների պնդմամբ, կնոջը բռնաբարել և սպանել էին 1953 թվականի սեպտեմբերի 30-ի երեկոյան, երբ նա տուն էր վերադառնում։ Դա տեղի էր ունեցել Դալասում՝ սուր ռասայական լարվածության ժամանակաշրջանում, երբ լուրեր էին պտտվում այսպես կոչված «սևամորթ հետապնդողի» մասին, որն, իբր, ահաբեկում էր կանանց։
Դալասի շրջանային դատախազության կողմից Նյու Յորքի «Innocence Project»-ի (Անմեղության նախագիծ) և Հյուսիսարևելյան համալսարանի իրավաբանական դպրոցի Քաղաքացիական իրավունքների և վերականգնողական արդարադատության նախագծի հետ համատեղ իրականացված գործի լայնածավալ վերանայումը բացահայտել է բազմաթիվ լուրջ խախտումներ։ Պարզվել է, որ սկզբնական մեղադրանքը հիմնված է եղել կեղծ և անարժանահավատ ապացույցների վրա, իսկ Ուոքերին ճնշումների ու սպառնալիքների տակ ստիպել են ստորագրել խոստովանությունը, այդ թվում՝ առանց փաստաբանի մասնակցության, ինչը չէր համապատասխանում հիմնարար իրավական չափանիշներին։
Բացառապես սպիտակամորթներից կազմված երդվյալ ատենակալների դատարանում պաշտպանական կողմը ներկայացրել էր 10 վկաների ցուցմունքները, որոնք պնդում էին, որ սպանության պահին Ուոքերն իր ընկերուհու հետ հիվանդանոցում էր, որտեղ վերջինս ծննդաբերում էր նրանց որդուն՝ Էդվարդ Լի Սմիթին։ Այնուամենայնիվ, այդ ցուցմունքներն անտեսվել էին։
Դալասի շրջանային կոմիսարների նիստի ժամանակ ներկայիս շրջանային դատախազ Ջոն Քրեզոն ընդգծել է, որ գործը տոգորված էր ռասայական անարդարությամբ և անհամատեղելի էր արդարադատության սկզբունքների հետ։ Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ Ուոքերն անիրավացիորեն է դատապարտվել ու մահապատժի ենթարկվել, իսկ տեղի ունեցածը արդարադատության խորը սխալ է։
Հուզիչ պահ էր Ուոքերի 72-ամյա որդու՝ Էդվարդ Լի Սմիթի և տուժողի որդու՝ Ջոզեֆ Փարկերի գրկախառնությունը, որը ներկա էր լսումներին։ Փարկերն ափսոսանք է հայտնել և հույս հայտնել, որ Ուոքերի արդարացումը կօգնի կանխել նման սխալները ապագայում։
Այս իրադարձությունը դիտարկվում է որպես կարևոր քայլ դեպի պատմական պատասխանատվություն և մարդու իրավունքների համակարգված խախտումների ճանաչում, որոնք ուղեկցում էին դատական պրակտիկան ԱՄՆ-ում սեգրեգացիայի դարաշրջանում։