Ականատեսների տեսագրությունները, որոնցում երևում է, թե ինչպես է առնվազն մեկ դաշնային գործակալ Մինեապոլիսում կրակում և սպանում 37-ամյա Ալեքս Պրետիին, ըստ NBC News-ի եզրահանգման, հակասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացրած վարկածին։

Կրակոցներից կարճ ժամանակ անց դաշնային պաշտոնյաները հայտարարել են, որ շաբաթ առավոտյան տեղի ունեցած բախման ժամանակ գործակալները գործել են ինքնապաշտպանական նպատակով։

Ըստ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի, Պրետին «9 մմ տրամաչափի կիսաավտոմատ ատրճանակով մոտեցել է ԱՄՆ սահմանապահ ծառայության սպաներին»։

Նա հավելել է, որ սպաները «փորձել են զինաթափել» նրան, սակայն վերջինս «կատաղի դիմադրություն է ցույց տվել»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես պաշտպանել է դաշնային գործակալներին՝ հրապարակելով մի լուսանկար, որում, ըստ նրա, պատկերված է «հրաձիգի զենքը՝ լիցքավորված (երկու լրացուցիչ լիքը պահունակով) և կրակելու պատրաստ»։

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ստիվեն Միլերն իր հերթին հայտարարել է, որ Պրետին «փորձել է մահափորձ իրականացնել դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ»։

Սակայն ականատեսների նկարահանած և NBC News-ի ստուգած ու վերլուծած առնվազն չորս տարբեր տեսագրություններ հակասում են վարչակազմի հայտարարություններին։

Տեսագրություններում չի երևում, որ Պրետին զենք ունենա ձեռքին այն բախման ժամանակ, որը հանգեցրել է նրա մահվանը։ Կադրերում երևում է, թե ինչպես է նա օգնության հասնում մի մարդու, որին մինչև բախումը հրել էին դաշնային գործակալները։ Որոշ տեսանյութերում երևում է, թե ինչպես է դաշնային գործակալը միջամտում Պրետիի շուրջը տեղի ունեցող քաշքշուկին և վերցնում Պրետիի ատրճանակին նմանվող զենքը՝ նրան գնդակահարելուց անմիջապես առաջ։

Նոեմը նշել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։

Ըստ տեղական իշխանությունների տեղեկությունների, Պրետին բուժեղբայր էր և զենք կրելու թույլտվություն ուներ։ Տարբեր դիրքերից՝ փողոցից, խանութից և մեքենայից արված տեսագրություններում երևում է, որ ոստիկանների հետ քաշքշուկի սկզբում Պրետիի ձեռքին հեռախոս կա։

Նոեմը հրաժարվել է հայտնել՝ արդյոք Պրետին հանել է ատրճանակը նախքան իրեն սպանելը։ Տեսագրությունները սկսվում են այն պահից, երբ Պրետին նկարահանում է Նիկոլետ պողոտայում գործողություն իրականացնող դիմակավորված գործակալներին։ Դաշնային պաշտոնյաները հայտարարել են, որ ոստիկանները փնտրում էին հարձակման համար հետախուզվող մի անձի, որն ԱՄՆ-ում էր գտնվում անօրինական հիմունքներով։ Ըստ տեղական իշխանությունների, Պրետին ԱՄՆ քաղաքացի է։

Տեսանյութում Պրետին փողոցում գտնվող բազմաթիվ անցորդներից մեկն է։ Նրանցից ոմանք սուլում են, բղավում և ազդանշան են տալիս։ Երևում է, թե ինչպես է շագանակագույն տաբատով, մուգ գլխարկով և վերնահագուստով Պրետին փողոցի մեջտեղում խոսում ոստիկանների հետ։ Ոստիկաններից մեկը նրան հետ է հրում դեպի մայթ։ Մի քանի վայրկյան անց Պրետին վերադառնում է փողոց՝ հեռախոսը հորիզոնական պահած աջ ձեռքում։ Նա ձեռքով նշան է անում անցնող մեքենային։

Պրետին մոտենում է ոստիկաններին, որոնք մարդկանց են հեռացնում։ Նա գրկում է մեկի ուսերը և տանում դեպի եզր։ Մի քանի քայլ հեռու ոստիկանն այլ մարդու է հրում, որն ընկնում է ձյունածածկ մայթեզրին։ Պրետին կանգնում է ոստիկանի և այդ մարդու միջև։ Սկսվում է ճակատագրական կռիվ։ Պրետին դեմ առ դեմ է հայտնվում ոստիկանին, որը հանում է ինչ-որ բան, նման պղպեղի գազի բալոնիկի։ Պրետին խուսափում է՝ բարձրացնելով ձախ ձեռքը գլխավերևում, և ոստիկանն ցողում է նրա դեմքն ու հրում։

Պրետին մոտենում է մայթեզրին ընկած մարդուն, և ոստիկանը կրկին ցողում է նրա դեմքին։ Թվում է, թե Պրետին հեռախոսը դնում է վերարկուի աջ գրպանը, ապա ընկնում է մարդու վրա և բռնվում նրանից։ Ոստիկանը փորձում է քաշել Պրետիին, որը կառչում է մայթեզրին ընկած մարդուց։
Մի քանի ոստիկաններ շրջապատում են Պրետիին և սեղմում նրան մայթին։ Կռվի ընթացքում ոստիկանները գոռում են։ Նրանցից մեկը, աջ ձեռքում ինչ-որ առարկա պահած, կարծես երեք անգամ հարվածում է՝ թիրախավորելով Պրետիի գլուխը։ Տեսանելի է, որ Պրետին առաջ է թեքվել՝ նախաբազուկներով և ափերով հենվելով ասֆալտին։

Մեկ այլ ոստիկան, մոխրագույն բաճկոնով, մոտենում է առանց զենքի և ձեռքը մեկնում Պրետիին։ Ինչ-որ մեկն ասում է «ատրճանակ»։ Սև դիմակով ոստիկանը, որ կանգնած է Պրետիի գլխավերևում, հանում է ատրճանակը և ուղղում նրա վրա։ Մոխրագույն բաճկոնով ոստիկանը դուրս է գալիս կռվից՝ աջ ձեռքում պահած ատրճանակով, որը նման է Պրետիի ունեցածին։ Պրետին ծնկի է գալիս։ Հնչում է առաջին կրակոցը։

Մոխրագույն բաճկոնով ոստիկանը, որն այժմ ատրճանակը պահում է ներքև ուղղված, փախչում է։ Սև դիմակով ոստիկանը հետևից մոտենում է Պրետիին, և հնչում է ևս երեք կրակոց։ Պրետին ընկնում է և շրջվում մեջքի վրա։ Ներքին գործերի նախարարությունը չի պատասխանել այն հարցմանը, թե ում ատրճանակն էր պահում մոխրագույն բաճկոնով ոստիկանը։ Ոստիկանները հետ են քաշվում, և հնչում են ավելի շատ կրակոցներ՝ մոտ յոթ, մինչդեռ Պրետին անշարժ պառկած է։

Մարդիկ գոռում են վախից և ոստիկանների վրա։

«Ի՞նչ արեցիք հենց նոր, — գոռում է մի կին։ — Աստված իմ»։

Մի քանի վայրկյան անց ոստիկանները ծնկի են գալիս Պրետիի կողքին՝ կարծես օգնություն ցուցաբերելու համար։ Մարդիկ գոռում են, որ մեկը շտապօգնություն կանչի։ Պաշտոնյաների վկայությամբ, Պրետին մահացել է տեղում։