Ֆլորիդայի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմայերը Ֆլորիդայի բուժքույրերի խորհրդին կոչ է արել չեղյալ համարել բուժքրոջ արտոնագիրը, երբ վերջինս հույս էր հայտնել, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ծննդաբերության ժամանակ լուրջ վնասվածք կստանա, հաղորդում է Fox News-ը։
«Կանայք չպետք է անհանգստանան, որ քաղաքական դրդապատճառներով առաջնորդվող բուժքույրը ծննդատանը ծննդաբերության ժամանակ իրենց ցավ և տառապանք է մաղթելու»,- Fox News Digital-ին տված հարցազրույցում ասել է Ութմայերը։
«Դա չարիք է,- հավելել է նա, -Ֆլորիդայի բուժքույրերի խորհուրդը պետք է միջոցներ ձեռնարկի՝ այդ մարդուն մշտապես հիվանդներից հեռու պահելու համար»։
Հեռուստաալիքը հայտնել է, որ TikTok-ում զետեղված տեսանյութում Բոկա Ռատոնի Տարածաշրջանային Baptist Health հիվանդանոցի նախկին մանկաբարձ-բուժքույր Լեքսի Լոուլերը հույս է հայտնել, որ Լևիթը ծննդաբերության ժամանակ անդառնալի վնասվածքներ կստանա։
Սպիտակ տան մամուլի քարտուղարն իր հղիության մասին հայտարարել է անցյալ տարվա դեկտեմբերի վերջին։




























