Ամերիկյան Թուին Ֆալլս քաղաքում (Այդահո նահանգ) տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթող, հայտնում է Times-News-ը:
Հուշարձանը տեղադրվել է ԱՄՆ 26-ամյա քաղաքացի Լիա Բաբայանի նախաձեռնությամբ, որը 11 տարեկանում իր ընտանիքի հետ արտագաղթել է Միացյալ Նահանգներ՝ Հայաստանից:
Լիան բավական ջանքեր է գործադրել այդ նախաձեռնությունը գովազդելու եւ դրա իրականացման համար գումարներ հավաքելու համար: Դա նրան հաջողվել է, եւ հուշարձանը տեղադրվել է քաղաքային այգում:
Հուշարձանը հիշեցում է, որ Օսմանյան Կայսրության կառավարությունը 1,5 մլն հայերի զանգվածային ջարդ է կազմակերպել: «Իմ ծնողների, տատիկների ու պապիկների համար այդ հուշարձանը հսկայական նշանակություն ունի»,- հայտարարել է Լիա Բաբայանը, որ երեխայի է սպասում. «Ես գիտեմ, որ իմ բալիկը չի ենթարկվի նման գազանությունների եւ դաժանությունների՝ այս հողի վրա»: Լիա Բաբայանը նաեւ հավելել է, որ, բացի դրանից, հուշարձանը նաեւ մարդկանց լուսավորելու առաքելություն ունի, թե ինչու են Թուին Ֆալլսում հայ փախստականներ ապրում:




























