Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է «Թրամփի ընտանեկան ներդրումային հաշիվ» ծրագիրը նորածինների համար Միացյալ Նահանգներում եւ կոչ է արել ամերիկյան ընկերություններին ներդրում կատարել իրենց աշխատակիցների ընտանիքներում, հաղորդել է Reuters-ը։
«Ես հավատում եմ, որ տասնամյակներ անց «Թրամփի ընտանեկան ներդրումային հաշիվները» կհիշվեն որպես բոլոր ժամանակների ամենահեղափոխական նորարարություններից մեկը»,- ասել է ԱՄՆ նախագահը միջոցառման ժամանակ, որտեղ բազմաթիվ նորածիններ կային, ընդգծելով իր վարչակազմի ընտանիքին աջակցող դիրքորոշումը։
Reuters-ը նշել է, որ Թրամփի անունով կոչվող հաշիվները ստեղծվել են անցյալ տարի՝ Հանրապետական կուսակցության ընդունած հարկային եւ ծախսային օրինագծի շրջանակում։ Դրանք կգործարկվեն հաջորդ երեք տարիների ընթացքում՝ նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ, քանի որ Թրամփը եւ Հանրապետական կուսակցությունը ձգտում են լուծել առողջության ապահովագրության մատչելիության հարցը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 2025-2028թթ․ ծնված բոլոր երեխաների ներդրումային հաշիվներին կփոխանցի 1 000-ական դոլար։ Մոտ 25 միլիոն ընտանիք իրավունք ունի ստանալ այս միջոցները։
Կառավարությունը գումարը կներդնի ցածրարժեք ինդեքսային ֆոնդերում, որոնք աճում են հարկերի վճարման հետաձգմամբ։ Եկամտային հարկերը վճարվում են միայն հաշիվները հանելու դեպքում։
Պաշտոնական հաշիվները կսկսեն գործել 2026թ․ հուլիսի 4-ին։ Ըստ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ ավելի քան կես միլիոն ընտանիք արդեն գրանցվել է։
Թրամփը նշել է, որ արդյունքները կչափվեն «ոչ միայն ստեղծված հարստությամբ, այլեւ նրանով, թե ինչպես են երիտասարդները գնում այնպիսի տներ, որոնց մասին մինչ այդ անգամ երազել չէին կարող։ Սա կերեւա նրանց ստացած վկայականներով, հիմնած ընկերություններով, նրանց ստեղծած ընտանիքներով եւ նրանց ունեցած երեխաներով»։
Սպիտակ տունը, իր հերթին, խրախուսել է ընտանիքներին լրացուցիչ ներդրումներ կատարել այս հաշիվներին, որոշ մասնավոր ներդրողներ արդեն իսկ ավելի շատ ներդրումներ են կատարել: Նրանց թվում են ձեռնարկատեր Մայքլ Դելը եւ նրա կինը՝ Սյուզանը, որոնք ներդրել են 6.25 միլիարդ դոլար։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթի խոսքով՝ այս հաշիվները կլուծեն խնայողական հաշիվների պակասի խնդիրը շատ ամերիկյան ընտանիքների համար։
Թրամփի վարչակազմը կանխատեսում է, որ առանց լրացուցիչ ներդրումների, հաշիվներում կպահվի 5 800 դոլար, մինչեւ նորածինների չափահաս դառնալը։
Լիվիթը ավելացրել է, որ եթե ընտանիքները տարեկան առավելագույնը 50 00 դոլար ներդրում կատարեն, հաշիվը կարող է կուտակել գրեթե 1.1 միլիոն դոլար, մինչեւ նորածինը դառնա 28 տարեկան։ Սակայն նա չի ներկայացրել այն հաշվարկները, թե ինչպես է վարչակազմը հասել այս թվին։
Ֆինանսական վերլուծաբանների կարծիքով՝ առավելագույն ներդրման դեպքում ներդրումային պորտֆելը 28 տարեկան դառնալուն պես կկազմի մոտ 700 հազար դոլար։




























