Ռուսաստանի նախագահի վարչակազմի նոր «մեղմ ուժ» ի ստորաբաժանման համար պատրաստված գաղտնի զեկույցը բացահայտում է Կրեմլի առաջնահերթությունները ռուսական սփյուռքի՝ «հայրենակիցների» հետ աշխատելու համար, ներառյալ Հարավային Կովկասի երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում։
Փաստաթուղթը հայտնվել է Կրեմլի կողմից իր «մեղմ ուժի» ռազմավարությունը, մասնավորապես՝ Հայաստանում, ամրապնդելու անհրաժեշտության վերաբերյալ շարունակական բաց քննարկումների ֆոնին, հաղորդում է OC Media-ն։ Արտահոսած ռուսական զեկույցը մանրամասնում է Հարավային Կովկասում սփյուռքի վրա ազդեցության ռազմավարությունը։
Ըստ հրապարակման՝ Մոսկվայի պետական համալսարանի պատրաստած և 2025 թվականի դեկտեմբերին թվագրված 15-էջանոց զեկույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանը սփյուռքի հետ աշխատելու քաղաքականություն է մշակում՝ այն Մոսկվային ավելի հավատարիմ դարձնելու համար, ներառյալ՝ Հարավային Կովկասի ռուսական համայնքների շրջանում։
Փաստաթուղթն առաջին անգամ հրապարակել է ռուսական անկախ The Insider լրատվամիջոցի խմբագիր Միխայել Վայսը, որն այն նկարագրել է որպես «1968 թվականի ԿԳԲ-ի (խորհրդային Պետանվտանգության կոմիտեի) ձեռնարկի թարմացված տարբերակ՝ սփյուռքի համայնքների կառավարման և մոբիլիզացման վերաբերյալ»։
Զեկույցի հեղինակն է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) նախկին սպա Եվգենի Կոժոկինը։ 2002 թվականից ի վեր նա նաև ծառայել է Ռուսաստանի ԱԳՆ արտասահմանում բնակվող հայրենակիցների հարցերով կառավարական հանձնաժողովում, որտեղ մասնագիտացած է սփյուռքի սոցիոլոգիական բնութագրերի վերլուծության մեջ։
Կոժոկինը սփյուռքը բաժանում է երեք հիմնական խմբերի.
Առաջինը նրանք են, ովքեր ակտիվորեն պահպանում են իրենց ռուսական ինքնությունն արտերկրում և արդեն պաշտպանում են Ռուսաստանի շահերը։ Երկրորդը՝ նրանք, ովքեր հեռանում են ժամանակակից ռուսական քաղաքականությունից։ Այդ խումբը զգալիորեն աճել է 2022 թվականին (հատուկ ռազմական գործողություն) Ուկրաինա ներխուժումից հետո և ընդհանուր առմամբ համակրում է այսպես կոչված «օտարերկրյա գործակալներին»։ Այդ խումբը Ռուսաստանում դիտվում է որպես պետության հակառակորդներ։ Երրորդ խումբն ամենամեծն է, հիմնականում ապաքաղաքական, պահպանում է մշակութային կամ սոցիալական կապերը Ռուսաստանի հետ՝ առանց բացահայտ քաղաքական ներգրավվածության։
Հարավային Կովկասը կիզակետում
Թեև զեկույցը ներառում է գլոբալ մոտեցումներ, այն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին։
Ադրբեջանը, մի քանի Կենտրոնական Ասիայի երկրների հետ միասին, նկարագրվում է որպես դժվար միջավայր ռուսական ինքնության ամրապնդման համար։ «Նույնիսկ մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկը հայրենակիցները ստիպված էին հաշվի առնել ադրբեջանական պետության ավտորիտար բնույթը», նշում է Կոժոկինը։ Նա հավելում է, որ Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում ռուսախոս քաղաքացիները գտնվում են անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների ավելի խիստ հսկողության տակ, քան տիտղոսակիր ազգի ներկայացուցիչները։
Ի տարբերություն դրա, Հայաստանը բնութագրվում է որպես աշխատանքի համար ավելի մատչելի միջավայր՝ «ժողովրդավարական համակարգի տարրերի» պահպանման շնորհիվ։ «Հայաստանում, որտեղ մնում են ժողովրդավարական համակարգի տարրեր, մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվում մասնակցել հասարակական և մշակութային կյանքին։ Սակայն, երկրում երկար ժամանակ ապրող «հնաբնակների» թիվը չափազանց փոքր է, մինչդեռ այստեղ տեղափոխված նորեկները սեփական, մեծ մասամբ մեկուսացված կյանք են վարում»,- նշվում է զեկույցում։
Վրաստանն առանձնացվում է որպես 2022 թվականից հետո երկիրը լքող ռուսաստանցիների հիմնական նպատակակետ. Զեկույցի տվյալներով՝ արտագաղթողների 15,5%-ը հաստատվել է այնտեղ։
Ռուսական եկեղեցու դերը
Զեկույցում Ռուս ուղղափառ եկեղեցին նշվում է որպես սփյուռքի հետ շփվելու պոտենցիալ միջոց, սակայն զգուշացվում է ակնհայտորեն քաղաքականացված հռետորաբանության դեմ։ Կոժոկինը կարծում է, որ ապաքաղաքական մոտեցումն ավելի արդյունավետ կլինի, քանի որ չափազանց քաղաքականացումը կարող է վանել սփյուռքի մի մասին։
Կիրակնօրյա դպրոցները նշվում են որպես սփյուռքի հետ շփվելու հատկապես արդյունավետ գործիքներ։ «Այդ դպրոցներում քարոզչություն անելու ցանկացած փորձ ներկա պահին պետք է բացառվի,- նշվում է զեկույցում։ -Կարևոր է, որ դրանք ապաքաղաքական մնան»։
Հանձնարարականներ սփյուռքի հետ աշխատանքը բարելավելու համար
Զեկույցն ավարտվում է ռուսական սփյուռքի հետ աշխատանքը վերականգնելու մի շարք հանձնարարականներով։ Ռուսական գիտության և մշակույթի կենտրոններին («Ռուսական տներ») խրախուսվում է կենտրոնանալ ընտանեկան ծրագրերի, այլ ոչ թե ավելի տարիքով լսարանի վրա։
Երիտասարդ հայրենակիցներին պետք է ծանոթացնել «Խորհրդային Միությանը, որի մասին նրանք ոչինչ չգիտեն՝ կենսունակ ստեղծագործական մտքի Խորհրդային Միությանը»։
Ժամանակակից ռուսական կինոն քննադատվում է որպես «ինքնավարկաբեկված», հեղինակը կոչ է անում խթանել Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը» վերաբերող թեմաներով ֆիլմերը։ Շեշտվում է նաև մշակութային վերահսկողության կարևորությունը. «Խորհուրդ չի տրվում խրախուսել միջակ ռուսական կինոթատրոնների շրջագայությունները հետխորհրդային երկրներ»։
Վերջնական առաջարկությունն է վերականգնել սփյուռքի հարուստ անդամների, նրանց թվում՝ միլիոնատերերի և միլիարդատերերի հետ շփումը և «հատուկ ռազմական գործողության» ավարտից հետո վերականգնել կապերը ռուսական համալսարանների հետ։





























