«Եթե Ադրբեջանը շարունակի պնդել իր դիրքորոշումը. „կամ ամեն ինչ, կամ` ոչինչ“, ապա ԼՂՀ-ն ստիպված կլինի եւս մեկ անգամ դիմել աշխարհին իր անկախությունը ճանաչելու եւ իր ժողովրդի անվտանգությունը ապահովելու ու երաշխավորելու խնդրանքով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքով, այդ պարագայում, եթե ԼՂՀ-ն հանդես գա նման դիմումով, Հայաստանը լիովին իրավասու կլինի ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ ստանձնել նրա ժողովրդի անվտանգության երաշխավորի պարտականությունը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը շարունակի սպառնալ պատերազմով եւ փորձի դա իրականություն դարձնել, ապա ոչինչ Հայաստանին չի խանգարում ճանաչել ԼՂՀ անկախությունը, կամ նրա հետ փոխգործակցության համաձայնագիր ստորագրել:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ մոտ ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շրջանակային համաձայնագիր ստորագրվի՝ հաշվի առնելով, որ որոշ լրատվամիջոցներ նշել են, թե նախագահների մյունխենյան հանդիպման ժամանակ հենց նման համաձայնագիր է քննարկվել, Վ. Աթանեսյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ նման բան լինի, որովհետեւ կողմերի մոտեցումները տրամագծորեն հակառակ են: Այսինքն անհնար է ստորագրվի որեւէ փաստաթուղթ, եթե բանակցող կողմերը փաստացի խնդրի կարգավորման մասին տրամագծորեն հակառակ պատկերացում ունեն»:




























