Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի ժամանակ նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց ամբողջական և անկախ բժշկական փորձաքննություն նշանակել իր պաշտպանյալի առողջական վիճակը գնահատելու համար, նաև գնահատել առողջական վիճակի փոփոխությունները կալանքի ընթացքում, «Երևան կենտրոն» ՔԿՀ–ում ցուցաբերվող բժշկական օգնության որակը, ինչպես նաև Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ՝ հաշվի առնելով նրա կյանքին սպառնացող ռիսկերը։

Նա երկար թվարկեց բոլոր հիվանդությունները, որոնք առկա են Վարդան Ղուկասյանի մոտ՝ հավելելով, որ 2026–ի հունվարին արձանագրվել է, որ իր պաշտպանյալի մոտ կա սուր սրտամկանի ինֆարկտի  առաջացման բարձր ռիսկ՝ ծանր բարդություններով և  մահվան հավանականությամբ։ «Ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի պայմաններում չի ապահովվել իր կյանքի ու առողջության համար նվազագույն  անհրաժեշտ բժշկական խնամք։

Արդեն 3,5 ամիս է Վարդան Ղուկասյանը բնակվում է ընդամենը 15 քմ տարածքում, փակ խցում, որն ունի երկու փոքրի պատուհան, չի օդափոխվում, սանհանգույցը բաժանվում է միայն վարագույրով։

Սույն միջնորդությամբ պահանջում եմ նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն, որ այդ հանձնաժողովւ ստեղծվի հավասարության սկզբունքով՝ ներգրավելով Վարդան Ղուկասյանի առաջադրած բժիշկ մասնագետներին»։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 6–ին, շարունակվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:

ակակոռուպցիոն դատարում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։

Գյումրիի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում: