Սան Ֆրանցիսկոյում ուսուցիչների գործադուլի պատճառով գրեթե 50,000 աշակերտ մնացել է առանց դասերի, հայտնում է Associated Press-ը:

Սան Ֆրանցիսկոյի միացյալ դպրոցական շրջանի 120 դպրոցներ փակվել են չորեքշաբթի օրը՝ գործադուլի երրորդ օրը, այն բանից հետո, երբ հանրային դպրոցների շուրջ 6,000 ուսուցիչներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, բժշկական նպաստներ և հավելյալ ռեսուրսներ՝ հատուկ կարիքներ ունեցող աշակերտների համար: Որոշ ծնողներ օգտվում են արտադպրոցական ծրագրերից, որոնք գործադուլի ժամանակ առաջարկում են ամբողջօրյա պարապմունքներ, իսկ մյուսները ապավինում են հարազատների և միմյանց օգնությանը՝ երեխաների խնամքը կազմակերպելու համար:

«Սան Ֆրանցիսկոյի միացյալ մանկավարժներ» կազմակերպությունը և դպրոցական շրջանը գրեթե մեկ տարի է բանակցություններ են վարում: Ուսուցիչները պահանջում են ընտանիքի բժշկական սպասարկման լիարժեք ֆինանսավորում, աշխատավարձերի բարձրացում և թափուր հաստիքների համալրում, ինչն ազդում է հատուկ կրթության և մատուցվող ծառայությունների վրա:

Պիկետին մասնակցող ուսուցիչները նշել են, որ գիտակցում են գործադուլի ծանր ազդեցությունը աշակերտների վրա, սակայն դուրս են եկել պայքարի, որպեսզի ապագայում ապահովեն երեխաների կայունությունը:

Տեսուչ Մարիա Սուն երեքշաբթի օրը հայտնել է, որ երկուշաբթի օրվա բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, ներառյալ՝ անօթևան ընտանիքների աջակցությունը, արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում ուսուցիչների վերապատրաստումը և ԱԲ գործիքների օգտագործման լավագույն փորձի ներդրումը: Սակայն երկու կողմերը դեռ պետք է համաձայնության գան աշխատավարձերի բարձրացման և ընտանիքի անդամների առողջապահական նպաստների շուրջ: Ի սկզբանե արհմիությունը 9% բարձրացում է պահանջել երկու տարվա ընթացքում, ինչը, նրանց խոսքով, կօգներ փոխհատուցել ապրուստի ծախսերը Սան Ֆրանցիսկոյում, որը երկրի ամենաթանկ քաղաքներից մեկն է:

Դպրոցական շրջանը, որն ունի 100 միլիոն դոլարի դեֆիցիտ և երկարատև ֆինանսական ճգնաժամի պատճառով գտնվում է նահանգի վերահսկողության տակ, մերժել է այդ առաջարկը: Ի պատասխան՝ պաշտոնյաներն աշխատավարձերի 6% բարձրացում են առաջարկել՝ երեք տարվա ընթացքում: