Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սարգսյանն ասել է, թե այս հանդիպումն առաջինն է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը փոխանցելուց եւ նոր ժամանակահատվածով գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի նշանակվելուց հետո:
Հանրապետության նախագահն իր գոհունակությունն է արտահայտել ՀԱՊԿ շրջանակում համագործակցության տեմպերի առումով եւ ընդգծել, որ վերջին ժամանակահատվածում արվել է լուրջ աշխատանք: «Շատ հնարավոր է, որ սա առաջին շատ լավ նախադեպն է, երբ ընդունված, այսպես ասած` բանավոր որոշումը, ոչ այնքան տեւական ժամանակահատվածում դարձավ փաստաթուղթ, ստեղծվեցին Հավաքական անվտանգության արագ արձագանքման ուժերը եւ ոչ միայն ստեղծվեցին, այլեւ անցկացվեցին զորավարժություններ: Համոզված եմ, որ մոտակա ժամանակներում մենք կավարտենք նորմատիվ ակտերի փաթեթի մշակումը, եւ մեր Կազմակերպությունը կդառնա անդամ երկրների անվտանգությունն առավել ապահովող կառույց»,- նշել է նախագահը:
Սերժ Սարգսյանը նաեւ հրամանագիր է ստորագրել Նիկոլայ Բորդյուժային Հայաստանի պետական բարձր պարգեւով` Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:




























