Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձգտում է սահմանափակել երկրի աջակողմյան հայացքներ ունեցող հնարավոր ապագա նախագահի քաղաքականությունը՝ արագացնելով իր դաշնակիցների նշանակումը առանցքային պաշտոններում։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նա [Մակրոնը] անհանգստացած է վերահաս սպառնալիքով և ցանկանում է ամրապնդել իր հեղինակությունը։ Ամեն ինչ կկարգավորվի մինչև 2027 թվականի մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները», - մեջբերել է թերթը աղբյուրի մեկնաբանությունը։
Նշվում է, որ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թիերի Բյուրկարի փոփոխությունը, ինչպես և մյուս վերադասավորումները, մասամբ պայմանավորված են այդ պաշտոնում բավականաչափ ազդեցիկ մարդու նշանակելու ձգտմամբ, որպեսզի վերջինս կարողանա դիմակայել «Ազգային միավորում» աջակողմյան կուսակցության հնարավոր հակասական առաջարկներին, ներառյալ Փարիզի պոտենցիալ դուրս գալը ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարությունից։ Փոփոխությունները կվերաբերեն նաև երկրի արտաքին գործերի նախարարությանը, քանի որ առաջիկա ամիսներին ավելի քան 60 տարածաշրջաններում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Լոնդոնում, Բեռլինում և Կիևում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունները սպասում են նոր դեսպանների ժամանմանը։
Թերթի աղբյուրները պնդում են, որ Ֆրանսիայում կադրային փոփոխությունները կապված չեն Մակրոնի՝ կարիերայի մայրամուտին պատմության մեջ հետք թողնելու ցանկության հետ, այլ թելադրված են ֆրանսիական ինստիտուտները «Ազգային միավորման» քաղաքականությամբ պայմանավորված հնարավոր ցնցումներից սահմանափակելու ձգտմամբ։
Վերջին հարցումների համաձայն՝ «Ազգային միավորում» աջակողմյան կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մարին Լե Պենը առաջատար դիրքեր է զբաղեցնում ապագա նախագահական ընտրությունների պոտենցիալ թեկնածուների վարկանիշային աղյուսակներում՝ առաջին հորիզոնականի համար մրցակցելով իր կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելայի հետ։





























