ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մասնակցել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի միջև առկա տարաձայնությունների կարգավորմանը։

Ֆլորիդայից Վաշինգտոն թռիչքի ժամանակ ինքնաթիռի բորտում գտնվող լրագրողները պետության ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա մասնակցում է մերձավորարևելյան այդ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Ո՛չ, ես դրանով չեմ զբաղվում»,- պատասխանել է Թրամփը։

«Ես կարող էի։ Դե, ես կարող եմ դա շատ հեշտությամբ լուծել։ Նրանք իսկապես տարաձայնություններ ունեն, և մենք կարող ենք դրանք շատ հեշտությամբ հարթել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Եմենում իրավիճակի սրման ֆոնին, այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի կողմից աջակցվող Հարավային անցումային խորհրդի (ՀԱԽ) անջատողականները վերահսկողություն են հաստատել արևելյան Հադրամաութ և Էլ-Մահրա նահանգների նկատմամբ։ Ի պատասխան դրա՝ հանրապետության իշխանությունները չեղարկել են ԱՄԷ-ի հետ համատեղ պաշտպանության մասին համաձայնագիրը և ռազմական օգնություն խնդրել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից։ Անջատողականներին մոտ կանգնած լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թագավորության ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ՀԱԽ-ի դիրքերին։ 2026 թվականի հունվարին ՀԱԽ-ի ղեկավարության մի մասը, որը ժամանել էր Էր-Ռիադ՝ բանակցությունների, հայտարարել է կազմակերպության լուծարման մասին։ ՀԱԽ-ի առաջնորդ Այդարուս ազ-Զուբայդիի կողմնակիցները, ով, ըստ արաբական կոալիցիայի հայտարարության, փախել է ԱՄԷ, մերժել են խորհրդի լուծարման մասին որոշումը։ Հունվարի 11-ին Եմենի իշխանությունները հայտարարել են, որ կառավարական ուժերը վերականգնել են վերահսկողությունը հարավային և արևելյան նահանգների, այդ թվում՝ ժամանակավոր մայրաքաղաք Ադենի նկատմամբ։