Արաբկիրի թիվ 5 ընտրատարածքում առաջիկա խորհրդարանական ընտրությունները խոստանում են լինել ամենաթեժը բոլոր ընտրատարածքների շարքում: Հիմնական հավակնորդներից մեկը` «ՍԱՍ Գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանը, ով արդեն հաստատել է իր առաջադրվելու մտադրությունը, լուրջ դիմադրության է հանդիպելու մի ամբողջ շարք օլիգարխների, թաղային հեղինակությունների, հայտնի քաղաքական գործիչների կողմից:

Մեր տեղեկություններով, առաջադրվելու մտադրություն ունի նաեւ ընտրատարածքի ներկայիս պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը: 2007թ. ընտրություններում նա ստացել էր 12 հազար 135 ձայն: Ավելի վաղ Զոհրաբյանը NEWS.am-ին հայտնել էր, թե իր առաջադրվելու հավանականությունը 50/50 է:

«Ես դեռ ժողովրդի հետ եմ աշխատում: Փորձում եմ հասկանալ, որ այն վստահության քվեն, որն ունեցել եմ, պահպանվե՞լ է, թե` ոչ: Եթե չի պահպանվել, չեմ առաջադրվի, եթե անգամ աշխարհի ամենաուժեղ քաղաքական գործիչը եւ ինձ ամենամտերիմ բարեկամը շատ խնդրի»,- նշել էր նա, իսկ հարցին, թե հանձինս Արտակ Սարգսյանի, տեսնո՞ւմ է այն մարդուն, որին կզիջի իր դիրքը, պատասխանել էր. «Բայց ինչո՞ւ ես պետք է զիջեմ իմ դիրքերը: Ես կարծում եմ, որ Արտակ Սարգսյանը վատ համբավ չունի, նա նախկինում ԱԺ պատգամավոր եղել է, փորձեր էլ է ունեցել նորից ընտրվելու, բայց չի ստացվել: Հիմա կյանք է ամեն ինչ էլ կարող է ստացվի: Իմ ուզելով-չուզելով չի, եթե ուզում է մասնակցել, թող մասնակցի»:

Առաջադրվելու է նաեւ Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, ում, ըստ ամենայնի, աջակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Արսենյանը NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ չէր բացառել, որ ինքն առաջադրվի նաեւ համամասնական ընտրակարգով` ԲՀԿ-ի ընտրացուցակով:

Արաբկիրում լուրեր են շրջանառվում, որ իրենց թեկնածություններն առաջադրելու են նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը, նախորդ ընտրություններում տվյալ ընտրատարածքում երկրորդ տեղը զբաղեցրած Հայրապետ Հայրապետյանը: Վերջինս ստացել էր 8107 ձայն:

Նախորդ ընտրություններում լուրջ քվեներ էին ստացել նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանն ու ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Չի բացառվում, որ նրանք եւս առաջադրեն իրենց թեկնածությունը: